211652_close_icon
views-count23217 դիտում article-date 09:16 22-01-2015

Ավետիսյան ազգի 8-րդ հնարավոր զոհը. նա դիմելու է մարզպետին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեում սպանված Ավետիսյանների բակում ևս մեկ տուն կա, որը մեղադրյալ Վալերի Պերմյակովը շրջանցել էր և մտել կոնկրետ Ավետիսյանների տուն: Պարզվել է, որ նշված հասցեի բակում ապրում է սպանված ավագ Սերյոժա Ավետիսյանի հորեղբոր դուստրը՝ Կարինե Ավետիսյանը, որը դեպքից հետո հրաժարվում է իր բնակարանից: Նա ասել է, որ ինքն այդ բակ չի վերադառնա, վախենում է՝ հոգեկանը խանգարվի: Դեպքի օրը Կարինեն պայթյունի նման ինչ-որ ձայն է լսել ու անկողնուց վեր է թռել՝ մտածելով, թե էլի երկրաշարժ է: Թերթի հետ զրույցում նա ասել է. «Տան բոլոր լույսերն անմիջապես վառեցի, ասեցի՝ Աստված ջան, երկրաշարջ է, ուշադիր նայեցի ջահին, տեսա չի շարժվում, բայց անհանգստացա: Շալս քցեցի վրաս ու որոշեցի գնամ Սերյոժայենց տուն: Երբ դուռը բացեցի, շատ մութ էր, վախեցա և որոշեցի չգնալ, լույսերն անջատեցի, գնացի քնեցի, որ առավոտյան կարողանամ արթնանալ, աշխատանքի գնալ: Այդպես առավոտյան վեր կացա, ամեն ինչ հանգիստ էր ու լուռ մեր բակում, ու գնացի աշխատանքի»: Թերթի այն հարցին, թե մինչ աշխատանքի գնալը, ինչու չի փորձել մտնել իր հորեղբոր տուն, Կարինեն պատասխանել է. «Իմ աշխատանքի գնալու ժամը շատ շուտ է, ու իրենք սովորաբար այդ ժամին քնած են լինում, դրա համար երբեք առավոտյան աշխատանքի գնալիս չեմ մտել իրենց տուն: Բայց երբ դարպասներից դուրս եկա, մեր հարևանի տղային հարցրեցի՝ դուք գիշերվա երկրաշարժը զգացի՞ք, ասացին, թե ոչինչ չեն զգացել: Ու ես գնացի գործի: Արդեն ավելի ուշ իմացա կատարվածի մասին: Ախր աղմուկ-բան չեմ լսել, միայն այդ մեկ գմփոցն եմ լսել: Այս ինչ կատարվեց, բակում 8 մարդ կար, մնացել է մեկը»: Եթե մթությունը չվախեցներ Կարինեին, ապա դատելով նրա պատմածից՝ վերջինս հավանաբար կգնար հորեղբոր տուն և, ըստ էության, կլիներ Ավետիսյան ազգի 8-րդ զոհը կամ միգուցե փրկեր հորեղբոր ընտանիքի անդամներից որևէ մեկին: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր