211652_close_icon
views-count1903 դիտում article-date 10:24 21-01-2015

Գյումրիում կատարված ողբերգությունը պատվով տանում են միայն գյումրեցիները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթի այսօրվա առաջնորդողում կարդում ենք. «Գյումրիում կատարված ողբերգությունը լրջագույն փորձություն էր բոլորի համար՝ թե՛ ՀՀ իշխանությունների, թե՛ ընդդիմության, թե շարքային քաղաքացիների և թե՛, մասնավորապես, գյումրեցիների: Առայժմ այդ փորձությունը պատվով տանում են միայն գյումրեցիները: Ցավալի և ամոթալի է, սակայն այդ հարցում գյումրեցիներին ցուցաբերված աջակցությունը շատ չնչին է: Մենք բոլորս՝ ՀՀ շարքային քաղաքացիներս, անկասկած, խորապես ցավելով և սգալով անմեղ զոհերի հիշատակը՝ այս օրերին մենք այդպես էլ չկարողացանք մեր վիշտն ու պահանջատիրությունը ներկայացնել համազգային, իրապես հուժկու և միասնական դրսևորմամբ: Գյումրեցիներն այս օրերին իրենց անկոտրում կամքի շնորհիվ կարողացան անգամ ՌԴ իշխանությունների տրամադրվածությունը փոխել, և, փաստորեն, պաշտպանում են մեր բոլորի պատիվը: Մինչդեռ երեկ՝ փոքրիկ Սերյոժայի հոգեհանգստի օրը, Երևանում ՀՀ նախագահի նստավայրի առաջ բոլորովին այլ պահանջներով ակցիաներ էին: Չգիտես ինչու՝ «Նաիրիտի» աշխատակիցները չէին կարողացել ևս երկու օր սպասել, ապա միայն հերթական անգամ հավաքվել նախագահականի առաջ։ Նույնը և հացադուլի դիմած ընտանիքը: Հարգելի, իրապես հոգսաշատ քաղաքացիներ, ձեր պահանջները իշխանություններից, իհարկե, արդարացի են, սակայն եիեկ դրանք հնչեցնելը, մեղմ ասած, տեղին չէր: Երեկ և այսօր, և մինչ այն պահը, երբ մեր բոլորիս արժանապատվությունը ոտնահարած ՌԴ և ՀՀ իշխանությունները չեն դրսևորի ադեկվատ պահվածք, մեր բոլորիս պահանջը պետք է լինի մեկը՝ ոճրագործը պետք է պատժվի Հայաստանում: Այս հարցում մեզ չհաջողվեց պարտադրել մեր կամքը»: Առաջնորդողն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր