Արդա Թուրանը հայտարարել է, որ իր քվեարկության արդյունքները կեղծվել են
Թուրքիայի հավաքականի ավագ, Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Արդա Թուրանը հայտարարել է, որ 2014 թվականի լավագույն մարզչի ընտրության ժամանակ քվեարկել է «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի օգտին: Ընդ որում հարցման արդյունքները հրապարակելուց հետո նշվում է, որ Թուրանը քվեարկել է «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգտին:
«Ես քվեաթերթիրկում առաջինը նշել էի Սիմեոնեի անունը, իսկ Ռոնալդուին` լավագույն ֆուտբոլիստ: Ինձ համար աշխարհի լավագույն մարզիչը Սիմեոնեն է, և ես երջանիկ կլինեի, եթե նա ճանաչվեր հաղթողը: Ցանկանում եմ, որպեսզի մամուլը և աշխարհի բոլոր մարդիկ իմանան դրա մասին»,- իր Twitter-ի էջում գրել է Արդա Թուրանը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի լավագույն մարզիչ ճանաչվեց Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը: