211652_close_icon
views-count2041 դիտում article-date 19:40 12-01-2015

ՀՀ Ֆինանսների Նախարարությունը պարզաբանում է հրապարակել

Անդրադառնալով տոնական օրերին Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության «անգործության» եւ մաքսային կարգավորումների հետ կապված «անորոշության» վերաբերյալ ԶԼՄ-ներում առկա տեղեկատվությանը, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետեւյալը. մաքսային մարմնի անգործության մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարի 27-ը դեկտեմբերի 2014թ.-ի «2015 թվականի հունվարի տոնական օրերին մաքսային ծառայության որոշ ստորաբաժանումներում հերթապահություն սահմանելու եւ օպերատիվ կառավարման աշխատանքային խումբ ստեղծելու մասին» հրամանի համաձայն, 2015 թվականի հունվարի տոնական օրերին մաքսային մարմինների աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաեւ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 10.10.14թ. ստորագրված պայմանագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների գործնական ճշգրիտ կիրառումն ապահովելու եւ այդ կապակցությամբ առաջացող հարցերի օպերատիվ կարգավորումն ապահովելու նպատակով` ստեղծվել է օպերատիվ կառավարման աշխատանքային խումբ, որին հանձնարարվել է ապահովել ՀՀ ՖՆ մաքսային ծառայության մասով կառուցվածքային ստորաբաժանումներին, մաքսային մարմիններին օպերատիվ պարզաբանումների եւ մեթոդական ու կազմակերպչական բնույթի օժանդակության տրամադրումը` կապված ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությամբ մաքսային գործառնությունների եւ ընթացակարգերի փոփոխությունների հետ: Հրամանով հանձնարարվել է մաքսային հսկողության գոտիներում, մաքսային հսկողության տարածքներում (ժամանակավոր պահպանման պահեստներում), մաքսային պահեստներում, սահմանային մաքսային մարմիններում 2014 թվականի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2015-ի հունվարի 11-ը սահմանել հերթապահություն` յուրաքանչյուր օրվա համար նշանակելով պատասխանատու աշխատակից: Հրամանով մաքսատների պետերին հանձնարարվել է 2015թ. հունվարի 8-ին ժամը 11-ից 16-ը մաքսատներում սահմանել հերթապահություն: Անհրաժեշտ է նաեւ նկատի ունենալ, որ մինչեւ 2015թ. հունվարի 2-ը մաքսային ձեւակերպումներն ու հսկողությունն իրականացվել են, իսկ մաքսային ենթակառուցվածքները գործել են նախքան ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը գործած ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Հունվարի 2-ից հետո մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգում եւ մաքսային հսկողության գործընթացում անցում է կատարվել ԵՏՄ ընթացակարգերին, որոնց համաձայն, ԵՏՄ պայմանագրին ՀՀ-ի անդամակցության մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու առաջին օրվանից սկսած իրականացվել են անհրաժեշտ մաքսային գործառնությունները: Մասնավորապես. հունվարի 2-ից մինչեւ 11-ն ընկած ժամանակահատվածում. 1. ընդունվել է տարանցիկ փոխադրման ընթացակարգով 16 հայտարարագիր ՀՀ տարածքից ԵՏՄ այլ երկրներ ապրանքներ տեղափոխելու համար 2. ընդունվել է ներքին տարանցման թվով 885 փաստաթուղթ 3. ԵՏՄ այլ երկրներից ՀՀ ապրանքների տեղափոխման 3 դեպքով իրականացվել են ԵՏՄ այլ երկրներում բացված տարանցման ընթացակարգի ավարտման գործառնություններ. 4. ընդունվել է մաքսային 3792 հայտարարագիր այլ մաքսային ընթացակարգերով, այդ թվում՝ ժամանակավոր ներմուծման եւ վերաարտահանման ընթացակարգերով՝ 3736, բացթողում ներքին սպառման համար ընթացակարգով՝ 56 հայտարարագիր: Տեղեկացնում ենք նաեւ, որ ստեղծված օպերատիվ կառավարման խմբի եւ սահմանված հերթապահության վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է ԶԼՄ-ներում, ինչպես նաեւ տեղադրվել է ՀՀ մաքսային ծառայության կայքում՝ դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին: Ինչ վերաբերում է հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի «անգործության» մասին հրապարակումներին՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ դա նույնպես չի համապատասխանում իրականությանը: Հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնը 2015 թվականի հունվարի 3-ից մինչեւ 12-ն աշխատել է շուրջօրյա ռեժիմով. օրական ստացվել է միջինը 50-70 զանգ, որոնց 80 տոկոսը վերաբերել է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հետ կապված հարցերին: Այսպիսով, թեեւ ՀՀ ՖՆ մաքսային ծառայությունը տոնական օրերին գործել է բնականոն, այնուհանդերձ չպետք է մոռանալ, որ Արտաքին տնտեսական գործունեության ոլորտում Մաքսային ծառայությունից բացի ընդգրկված են նաեւ պետական եւ մասնավոր կառույցներ, եւ մաքսային ձեւակերպումների տեւողությունն ու գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է նաեւ նշված կառույցների աշխատանքով:

Նմանատիպ նյութեր