211652_close_icon
views-count5296 դիտում article-date 09:24 09-01-2015

Անգամ մահը չի կարող զրույցը խլել մեզնից. Վարդուհի Սիմոնյան. tert.am

Լրագրող Վարդուհի Սիմոնյանը tert.am կայքում հրապարակել է իր հարցազրույցը: Նա որոշել է Ֆեյսբուքում յուրօրինակ հարցախույզ անցկացնել և առաջնորդվել հենց ընթերցողների խորհրդով։ Այս անգամ ոչ թե նա է հարցեր տալիս, այլ նրան են քննում Բրյուսովի անվան համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողները։ Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված. -Դուք Ձեր հարցազրույցներում Ձեր բոլոր հարցերն անխտիր հրապարակո՞ւմ եք, եղե՞լ են դեպքեր, որ հերոսին շատ մոտ համարեք ու նրա կերպարը չվնասելու համար խնայեք ինչ-որ հարցեր իրենց պատասխաններով ու չմատուցեք ընթերցողներին։ -Գիտեք, ինձ համար չվնասելու սկզբունքը խիստ կարևոր է, եթե չասեմ՝ առաջնային։ Քո հերոսին դու պակաս չպիտի սիրես քո ընթերցողից։ Չէ՞ որ նա քեզ հետ անկեղծացել է, համարյա իրեն կտրատել և փռել առաջդ, և դու պատասխանատու ես այդ մերկության առաջ։ Իհարկե, երբեմն կա այդ գայթակղությունը, մի թույլ պահի ասված խոսքը տաք-տաք տեղ հասցնել և լարել, զլել հանրության ականջին։ Բայց ձեզ անկեղծ կասեմ՝ այդ պահին ես միշտ մտածում եմ. իսկ կկարողանա՞ս քնել գիշերը։ Իհարկե, ես անքուն գիշերներ էլ եմ ունեցել, հատկապես երբ նոր-նոր էի սկսում, բայց հիմա, մարդուն ես նայում եմ մի տեսակ տնեցու հայացքով՝ կարծես նրա մայրն եմ, քույրն եմ։ Անշուշտ, հանցագործություն է խնայել մեկին, ում գործողություններից մի ամբողջ մարդ կամ առավելևս՝ հանրային հոծ զանգված է տուժել։ Դրա պարտակումը օրենքով հետապնդելի արարք է։ Այս դեպքում դարձյալ չվնասելու ոսկե սկզբունքն է գործում՝ եթե չհրապարակես, կվնասես տուժող կողմին։ Որքան ես եմ հասկացել մեր այս գործից, մեդիան ամեն դեպքում թամաշի հրապարակ չէ։ Իմ կարծիքով, գիտե՞ք ինչ է՝ մի տարածք, ուր բոլորն իրար հետ մտածում են երջանիկ լինելու մասին։ Սա, երևի, առանձին ենթահարցերով կբացենք, կարծում եմ։ -Իսկ չվնասելու համար եղե՞լ է, որ ամբողջ հարցազրույցը չհրապարակեք։ -Եթե դուք կարծում եք, որ իմ բոլոր հարցազրույցները լավն են, ապա պիտի ձեզ հիասթափեցնեմ. ես շատ վատ, սարսափելի վատ հարցազրույցներ էլ ունեմ։ Դա լինում է թե՛ իմ և թե՛ զրուցակցիս պատճառով։ Օր է, տրամադրություն։ Հնարավոր է՝ չստացվի։ Ես մի անգամ շատ զարմացա, երբ Լևոն Խեչոյանը կենաց խմելիս ասաց՝ «ասեմ, տեսնեմ՝ կստացվի»։ Եվ սա ասում էր Լևոն Խեչոյանը։ Այո՛, օր է, օրվա գույն ու տրամադրություն կա, մեկ էլ խոսքը կարող է չհասնել ետևիցդ, միտքդ շաղված լինի, չհավաքվի հենց այդ պահին, կարող է չէ՞։ Եվ ուզում ես պատռի քեզ՝ չի ստացվում և վերջ։ Լինում է, անշու՛շտ և ստացվում են ձանձրալի զրույցներ։ Ես դրանք չեմ հրապարակում։ Եվ ոչ նրա համար, որ դրանից իմ մասնագիտական վարկանիշը կտուժի, այլ այն պատճառով, որ վատ, չստացված բանն ուղղակի չի կարելի հրապարակել. հերիք չի հայերեն ասած՝ «ղալլաթը» ես արել եմ, մի հատ էլ զբաղեցնե՞ս ընթերցողին, թե սիրելի՛ ընթերցող, իմ այս մեղքը հետս կիսի։ Միայն ստացված նյութերն են արժանի հրապարակման. մարդու ժամանակը թանկ է։ Մարդը շատ կարճ կյանք է ապրում, ինչու՞ պիտի նա իր կյանքի կես կամ մի ժամը քո չստացված գործի վրա վատնի։ Ուրեմն՝ աղբդ շաղ մի տուր ընթերցողի առաջ. հավաքի՛ր։ Ես շատ չհրապարակված հարցազրույցներ ունեմ։ Շարունակությունը՝ [url=http://www.tert.am/am/news/2015/01/08/varduhi-simonyan/1553633]սկզբնաղբյուր կայքում[/url]

Նմանատիպ նյութեր