Ոստիկանությունն արձագանքում է «օրենքով գողերի»` Հայաստան գալու մասին լուրերին
ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որում ասված է, որ զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է շրջանառվում, թե այս օրերին Հայաստան են գալիս, այսպես կոչված, «օրենքով գողեր» ու քրեական հեղինակություններ: Տեղեկատվությանը նաև հասարակական հնչեղություն է տրվում՝ որպես մեղադրանք ներկայացվելով իրավապահ մարմիններին: Մեղադրողները, սակայն, չիմացությամբ թե գիտակցաբար, գլխիվայր շրջում են իրողությունները:
Վերջինիս տեղեկացմամբ` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին հազարավոր մարդիկ են այցելում Հայաստան, որը բաց երկիր է, և որտեղ օրենսդրորեն պաշտպանված է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը: Եվ եթե Հայաստանի հյուրը հետախուզման մեջ չէ կամ քրեորեն հետապնդելի արարք չի կատարել արդեն մեր երկրում, օգտվում է օրենսդրությամբ նախատեսված իր բոլոր իրավունքներից:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի