211652_close_icon
views-count568 դիտում article-date 16:30 30-12-2014

Դեսպան Քոչարյանը փոխանցեց ՀՀ Նախագահի շնորհավորանքներն ու նվիրատվությունը լիբանանահայ հաստատություններին

Դեկտեմբերի 29-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց հանդիպում հայկական «Ազդակ», «Զարթոնք» և «Արարատ» օրաթերթերի ղեկավարների հետ: Հանդիպումների ժամանակ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու շնորհավորանքները, ինչպես նաև դրամական նվիրատվությունն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Լիբանանահայ օրաթերթերին հասցեագրված ուղերձում ՀՀ Նախագահը համոզմունք է հայտնել, որ նվիրվածության, հայրենասիրության, գործադրած ջանքերի և գրչի ճկունության շնորհիվ նրանք հաղթանակած դուրս կգան դժվարին քարոզչական պայքարում և կնպաստեն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մասին համապարփակ նյութերի պատրաստմանը: Դեսպան Քոչարյանը նույն օրն այցելեց Լիբանանի հայ համայնքի ընկերային ծառայողների միության մտավոր խնդիրներ ունեցող հայ մանուկների «Զվարթնոց» կենտրոն: «Զվարթնոց»-ի ղեկավարներին ու սաներին հասցեագրված ուղերձում ՀՀ Նախագահը բարձր է գնահատել մանկավարժների նվիրյալ և ազգանվեր գործունեությունն՝ ուղղված հայ մանուկների և երիտասարդների կրթական, հոգեբանական և ֆիզիկական զարգացմանը: Հանդիպումների ժամանակ լրատվամիջոցների ու «Զվարթնոց» կենտրոնի ղեկավարներն իրենց խորին երախտագիտությունը հայտնեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին` շարունակական հոգատարության և ուշադրության համար և հավաստիացրին, որ ջանք չեն խնայի շարունակելու իրենց գործունեությունը հայապահպանության, հայեցի դաստիարակության և Հայաստան-Սփյուռք կապերի խորացման ուղղությամբ: Մոտակա օրերին դեսպան Քոչարյանը կայցելի նաև Ջբեյլի «Թռչնոց Բույն» մանուկների հաստատություն` ՀՀ Նախագահի շնորհավորանքներն ու նվիրատվությունը փոխանցելու նպատակով:

Նմանատիպ նյութեր