13428 դիտում
10:18 29-12-2014
Նոր մանրամասներ՝ ոստիկանական «Վիլիս»-ի մասնակցությամբ վթարից. հիվանդանոց է տեղափոխվել նաև 3 ոստիկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է դեկտեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Suzuki մակնիշի 11 ՕՍ 794 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի բնակիչ, 66-ամյա Վարուժան Հակոբյանը, իսկ УАЗ մակնիշի 018 ՈՍ 06 համարանիշի ավտոմեքենան վարել է Թալին քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 31-ամյա Արմեն Բարսեղյանը:
Շիրազ-Մազմանյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենաների բախումից հետո ոստիկանական УАЗ-ը կողաշրջվել էր, ինչի հետևանքով Suzuki-ի վարորդ Վ. Հակոբյանը տեղափոխվել էր «Մալաթիա» բժշկական կենտրոն, իսկ УАЗ-ի վարորդ Ա. Բարսեղյանն ու նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 33-ամյա Եղիազար Քլոյանը և Աշտարակ քաղաքի Տանձանոց թաղամասի բնակիչ, 26-ամյա Արամ Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչ Գ. Թադևոսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի հատուկ քննական կոմիտե, քանի որ պարզվել է, որ УАЗ-ի վարորդ Ա. Բարսեղյանն աշխատում է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում՝ որպես ուղեկցող դասակի ոստիկան, վիրավորներից Ե. Քլոյանը՝ նույն մարզային վարչությունում՝ որպես ուղեկցող դասակի ոստիկան, իսկ Ա. Բարսեղյանը՝ նույն մարզային վարչության ուղեկցող դասակի 3-րդ ջոկի հրամանատար:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նրանք Աշտարակ էին տեղափոխում ինչ-որ հանցագործության մեջ կասկածվող կալանավորի, որին հենց դեպքի վայրից տեղափոխել էին մեկ այլ ոստիկանական ավտոմեքենա և հասցրել համապատասխան վայր:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նա նույնպես վնասվածքներ է ստացել, սակայն տեղում Աշտարակի ոստիկանները հայտնել էին, որ կալանավորի առողջական վիճակը կայուն է ու նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+