2098 դիտում
14:45 28-12-2014
Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահամաճարակային կանոնները. տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահամաճարակային կանոնները, ինչն էլ հանգեցրել է մանկապարտեզի տասնյակ սաների, ինչպես
նաև աշխատակիցների և նրանց հետ շփվող մարդկանց շրջանում զանգվածային թունավորման։
Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ նշված նախադպրոցական հաստատությունում չեն պահպանվել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված սանիտարահամաճարակային կանոնները, դրանց պահպանման համար պատասխանատու անձանց կողմից դրսևորվել է հանցավոր անփութություն, չեն իրականացվել սանիտարահիգիենիկ ու հակահամաճարակային միջոցառումներ՝ շրջակա միջավայրի աղտոտման վերացման, կանխման, կենցաղի պայմանների բարելավման, ինչպես նաև հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելման ուղղությամբ:
Մանկապարտեզում խախտվել են նաեւ ՀՀ առողջապահության նախարարի՝ 2013 թվականի օգոստոսի 12-ի թիվ 42-Ն հրամանով հաստատված` նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:
Արդյունքում` թիվ 1 մանկապարտեզի խոհանոցում ստեղծվել է հակասանիտարահամաճարակային իրավիճակ, որը նպաստել է մարդու օրգանիզմի վրա վտանգավոր գործոնների ազդեցությանը:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ` քննիչը որոշում է կայացրել Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Մ. Մանուկյանին և նույն մանկապարտեզի բուժքույր Ն. Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի առաջին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Ն. Առաքելյանը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, և դեկտեմբերի 16-ին նրան նշված հոդվածով մեղադրանք է առաջադրվել: Մանկապարտեզի տնօրենը չի ներկայացել վարույթ իրականացնող մարմնին՝ տրամադրելով ծանր հիվանդ լինելու վերաբերյալ բժշկական փաստաթղթեր: Մ. Մանուկյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Միաժամանակ հանձնարարվել է պատկան կառույցներին` մանկապարտեզում իրականացնել համապատասխան ստուգումներ և միջոցներ ձեռնարկել՝ հակասանիտարահամաճարակային իրավիճակը վերացնելու ուղղությամբ, որից հետո մանկապարտեզը կվերսկսի իր բնականոն գործունեությունը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նմանատիպ նյութեր
72604 դիտում
17:48 10-09-2019
Կանխվել է բնակչությանը սպառնացող հնարավոր սանիտարահամաճարակային վտանգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
4090 դիտում
22:20 10-01-2025
ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է ջերմաստիճանային զգալի տարբերություն
1036 դիտում
21:56 10-01-2025
Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ․ Նիկոլ Փաշինյան
1114 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել