Վաղը հայտնի կդառնան 2014 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի անունները
Վաղը, դեկտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ին, տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2014 թվականի Մրցանակաբաշխության հանդիսավոր երեկոն, որին կմասնակցեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամները, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները, Հայաստանի ֆուտբոլային ակումբների, ֆուտբոլային հանրության, մեդիայի ներկայացուցիչներ, հյուրեր:
Հանդիսավոր երեկոյի ընթացքում հայտնի կդառնան «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում հաղթողները:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ոսկե գնդակ», «Արծաթե գնդակ», «Բրոնզե գնդակ» մրցանակները, ինչպես նաև լավագույն մարզչի մրցանակը, դիպլոմները և դրամական պարգևները կհանձնի հաղթողներին:
Այդ հանդիսավոր պահին սպասում ենք բոլորս, սպասում է ողջ ֆուտբոլային հանրությունը, հայկական ֆուտբոլի երկրպագուների մեր բազմահազարանոց բանակը, ողջ հայությունը՝ Հայաստանում, Արցախում և ամբողջ աշխարհում: Հայկական ֆուտբոլը շարունակում է մնալ հայությանը համախմբող, ոգևորող, միասնացնող հզոր երևույթը: Մինչ վաղը: