211652_close_icon
views-count907 դիտում article-date 12:23 27-12-2014

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օրը

Ս. Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, Անդրեաս առաքյալի եղբայրը: Նա Հիսուսի ամենասիրված առաքյալներից էր, ականատեսը Տիրոջ Պայծառակերպության և Հիսուսի հետ կապված կարևոր մյուս դեպքերի: Նա արհեստով ձկնորս էր: Նրա թլփատության անունը Շմավոն էր, իսկ հունական ձևով՝ Սիմոն: Այս առաքյալին առաջին անգամ տեսնում ենք Հովհաննեսի Ավետարանում, երբ Քրիստոս նրա մասին ասում է. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչվես Կեփաս» (Հովհ. Ա 42): «Կեփաս» նշանակում է «վեմ», հունարեն՝ Պետրոս: Ս. Պետրոսը Բեթսայիդա գյուղից էր, սակայն փոխադրվել էր հարևան Կափառնայում քաղաքը, ուր Հիսուս բժշկեց նրա զոքանչին: Նա առավելաբար հայտնի է ավետարանական այն դրվագից, երբ Հիսուսին դավանում է որպես Կենդանի Աստծո Որդի: Եվ Հիսուս հաստատում է, որ այդ դավանության, այսինքն՝ Քրիստոս որպես աշխարհի Փրկիչ և Աստվածորդի, պիտի շինի իր եկեղեցին (տես Մատթ. ԺԶ 15-19): Հիսուսի ձերբակալման գիշերը երիցս ուրանում է նրան, սակայն հետո խորապես զղջում իր արածի համար: Հոգեգալստից հետո Պետրոսն էր, որ բացատրում է հավաքվածներին կատարվածի իմաստն ու խոսում հարուցյալ Հիսուսի մասին: Նրա կարևոր գործերից էր հեթանոսների ներգրավումը եկեղեցու ծոցում: Ձերբակալվում է Հերովդես թագավորի կողմից, բայց հրաշքով ազատվում բանտից: Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում՝ գլխիվայր խաչվելով: Իր անունով մեզ են հասել երկու ընդհանրական նամակներ: Ս. Պողոսը Տիրոջ 13 առաքյալն է: Ծնվել է Կիլիկիայի Տարսոն քաղաքում, առաջին դարի սկիզբներին, հռոմեական քաղաքացիություն ունեցող հրեա ծնողներից, որոնք ըստ Հերոնիմոսի վկայության՝ եկել էին Գալիլիայից: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, այնուհետև հրեական և կրոնական կրթությունը Երուսաղեմում՝ աշակերտելով Գամաղիել օրենուսույցին: Նա արհեստով վրանագործ էր: Այն բազմիցս օգնել է առաքյալին իր ճանապարհորդությունների ժամանակ՝ դառնալով վերջինիս ապրուստի միջոցը: Իր իսկ վկայության համաձայն՝ եղել է փարիսեցի, խստորեն պահպանել օրենքի տառն ու հալածել քրիստոնյաներին: Սակայն Դամասկոսի ճանապարհին Հիսուս երևում է նրան, որից հետո Սողոսը՝ հետագայի Պողոս առաքյալը դառնում է Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Մկրտվել է Անանիա առաքյալի ձեռքով: Կատարել է մի քանի ճանապարհորդություններ՝ քարոզելով Աստծո խոսքը: Նրա անունով մեզ են հասել 14 թղթեր: Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում 67թ. ներոնյան հալածանքների ժամանակ՝ գլխատվելով: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակը տոնում է Ս. Ծննդին նախորդող Ավագ Տոների ժամանակ:

Նմանատիպ նյութեր