211652_close_icon
views-count1069 դիտում article-date 10:36 16-10-2014

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Դիոնիսիոս Արիսպագացու, Ս. Տիմոթեոս և Ս. Տիտոս առաքյալների հիշատակության օրը

Ըստ ավանդության՝ Դիոնիսիոս Արիսպագացին Ս. Պողոս առաքյալի աշակերտն (Գործք. 17:34) ու Աթենքի նորահաստատ եկեղեցու առաջին եպիկոպոսն է: Դարձի է եկել Աթենքի Արիսպագոսում, Ս. Պողոս առաքյալի քարոզը լսելուց հետո: Նա ականատեսն է Տիրոջ խաչելության ժամանակ տեղի ունեցած խավարմանն ու Սուրբ Աստվածածնի Վերափոխմանը: Ս. Դիոնիսիոսն Աստծո խոսքը տարածել է Հռոմում, Գերմանիայում, Իսպանիայում, Գալիայում (Ֆրանսիա): Նրա անունով հայտնի են բազմաթիվ աստվածաբանական երկեր: Ս. Տիմոթեոսը Քրիստոսի 72 աշակերտներից է: Ծնվել է Լյուստրա քաղաքում: Նա եղել է Ս. Պողոս առաքյալի մերձավոր աշակերտներից, ում հաճախ առաքյալն իր թղթերում «սիրելի որդի» է կոչում: Քրիստոնեական դաստիարակություն է ստացել մոր և տատի շնորհիվ, քանզի հայրը հեթանոս էր: Երբ Ս. Պողոս առաքյալը բժշկում է ի ծնե կաղին, նա հավատում է Հիսուս Քրիստոսին և դառնում առաքյալի ուղեկիցը: Ս. Պողոս առաքյալը Եփեսոսում նրան ձեռնադրում է եպիսկոպոս, և Ս. Տիմոթեոսը եկեղեցում հովվում է 15 տարի: Ս. Տիմոթեոսին են ուղղված Ս. Պողոս առաքյալի երկու թղթերը: Քարկոծվել է Դիանա չաստվածուհու տոնի ժամանակ` փորձելով հեթանոսներին ետ պահել դիվական զվարճություններից` քարոզելով Աստծո խոսքը: Նա նահատակվել է 96-98 թվականներին, Եփեսոսում: Ս. Տիտոսը նույնպես Քրիստոսի 72 աշակերտներից է: Ծնունդով Կրետեից է, հեթանոս ընտանիքի զավակ: Դեռ երիտասարդ տարիքից ճշմարտությունը գտնելու համար ուսումնասիրել է հույն փիլիսոփաներին, սովորել եբրայերեն` Հին Ուխտի գրքերը կարդալու համար: Լսելով ու հավատալով Հիսուս Քրիստոսին` դարձել է նրա աշակերտը` գործակցելով Ս. Պողոս առաքյալի հետ: Վերջինիս կողմից ձեռնադրվել է Կրետեի եպիսկոպոս: Նրան է ուղղված Ս. Պողոսի թղթերից մեկը: Եղել է իր հոտի քաջ պաշտպանը` տարածել է Աստծո խոսքն ու հրաշագործություններ կատարել:

Նմանատիպ նյութեր