211652_close_icon
views-count1137 դիտում article-date 16:39 24-12-2014

«Անահիտ» լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը մեծ էկրանին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ /կինոնկարների արտադրության ծրագրով 2010-2014 թթ./, «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ն իրականացրել է «Անահիտ» լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմի արտադրության գործընթացը: Մեր մանկության ամենասիրելի պատմություններից մեկի հիման վրա նկարահանված անիմացիոն մուլտֆիլմը ստեղծվել է ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայով և եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ /3D/: Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոցի հմուտ մուլտիպլիկատորների և անիմացիայի գիտակների շնորհիվ այն լիովին նոր հարթության վրա է բարձրացնում հայկական ժամանակակից մուլտարտադրությունը: Մուլտֆիլմը նկարահանվել է Ղազարոս Աղայանի «Անահիտ և Վաչագան» հեքիաթի հիման վրա: Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Անահիտը հասարակ գորգագործ է, իսկ Վաչագանը՝ թագավորի որդի: Վաչագանը հանուն Անահիտի սիրո արհեստ է սովորում և այդ արարքով գրավում Անահիտի սիրտը: Ամբողջ ֆիլմը ստեղծվել է հիմնականում այս սյուժեի շուրջ: Ստեղծագործական խումբը փորձել է հասցնել հանդիսատեսին անսահման սիրո գաղտնիքը, սիրո ուժը, նաև այն, որ արհեստ իմացող մարդու համար դժվար պահերին միշտ էլ մի դուռ բացվում է: Ինչպես ցանկացած հեքիաթի, «Անահիտի» հիմքում ևս բարու և չարի հավերժական պայքարն է: Այս ուսուցողական մուլտֆիլմը սովորեցնում է գնահատել արվեստը, լինել իմաստուն և համբերատար: Ս. թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի կունենա «Անահիտ» լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմի հայաստանյան [url=http://sharmpictures.am/hy/anahitanimation/]պրեմիերան[/url]՝ ստեղծագործական կազմի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Ս. թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 13:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա մուլտֆիլմին նվիրված մամուլի ասուլիսը: Ասուլիսին մասնակցում են ՀՀ մշակութի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, մուլտֆիլմի ռեժիսոր Դավիթ Սահակյանցը, պրոդյուսեր Կարեն Ղազարյանը, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Գևորգյանը, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, դերասաններ՝ Խորեն Լևոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը և երգչուհի Շուշան Պետրոսյանը:

Նմանատիպ նյութեր