211652_close_icon
views-count1074 դիտում article-date 20:31 20-12-2014

ՖՆ փոխնախարար Արմեն Ալավերդյանը պարզաբանումներ է ներկայացրել տնտեսվարող սուբյեկտների գործունեության վերաբերյալ

Դեկտեմբերի 20-ին ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է տարածված այն լուրերին, թե, փոխարժեքի տատանումներով պայմանավորված, մեծ քանակությամբ տնտեսվարողներ դադարեցրել են գործունեությունը: Փոխնախարարի պարզաբանմամբ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, քանի որ դեկտեմբերի 15-ից նախարարության` տնտեսվարող սուբյեկտների շրջանում ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում գործող տասնյակ հազարավոր կազմակերպություններից այդ պատճառով գործունեությունը դադարեցրած ընկերություն գրեթե չկա: «Դեկտեմբերի 16-ի և 17-ի դրությամբ որոշ տնտեսվարողներ ժամանակավորապես դադարեցրել, բայց մեկ օր անց նորից վերսկսել են իրենց գործունեությունը. ամսի 17-ի դրությամբ ժամանակավորապես գործունեությունը դադարեցրած տնտեսվարող սուբյեկտների թիվը եղել է 94, որից 80-ը մեկ օր անց վերսկսել է գործունեությունը, իսկ այսօր` ևս 8-ը»,-տեղեկացնում է Արմեն Ալավերդյանը` նշելով, որ ՖՆ-ը տնտեսվարողների հետ ամենօրյա բացատրական և վարչարարական աշխատանք է իրականացնում և այս պահին Հայաստանում տնտեսական կայուն իրավիճակ է: Նախարարության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 17-ին և 18-ին առանձին ապրանքատեսակների գների վերանայման խնդիր է դրված եղել, առանձին դեպքերում նաև գնաճ է արձանագրվել, բայց դեկտեմբերի 18-ի երկրորդ կեսին և 19-ին դաշտն արդեն կարգավորվել է և կայունացման ֆոնին լայն սպառման ապրանքների շրջանում դադարեցվել է նաև գնաճի միտումը:

Նմանատիպ նյութեր