Զինվորին օգնելուն ուղղված բարեգործական համերգ` «Առնո Բաբաջանյան»-ում
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19.00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա «Նվիրիր հույս» բարեգործական համերգը, որի ողջ հասույթը տրամադրվելու է ծառայության ժամանակ թշնամու կրակոցների հետևանքով հաշմանդամ դարձած զինվորի ընտանիքին:
Համերգն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ կազմակերպել է ԱՀԹ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը:
Համերգի ընթացքում հայ ազգային երգի ու պարի միջոցով կներկայացվի Արևմտյան Հայաստանի մի քանի վիլայեթների մշակույթը: Ելույթ կունենան «Նուբար», «Վան», «Վերադարձ», «Մասունք» խմբերը, ինչպես նաև Հավասու անվան աշուղական համույթը՝ գործիքային կատարումներով:
Այս տարի արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում «Նվիրիր Հույս» խորագրով բարեգործական համերգ: Առաջինի հասույթը տրամադրվել է ՄԻԱՎ-ով ապրող երեխաների ընտանիքներին:
Այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: