211652_close_icon
views-count1396 դիտում article-date 09:15 18-12-2014

2002 թ. դեկտեմբերի 18-ին վախճանվել է Հրանտ Մաթեւոսյանը

2002 թ. այս օրը վախճանվել է արձակագիր Հրանտ Մաթեւոսյանը: Նա ծնվել է 1935թ. Լոռիում: Սովորել է Ահնիձոր գյուղի դպրոցում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: Ավելի ուշ ավարտել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները: Սովորելուն զուգընթաց աշխատել է տպարաններում եւ խմբագրություններում: Գրական գործունեությունը սկսել է 60-ականներից: Մաթեւոսյանի առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր, որը մեծ աղմուկ բարձրացրեց: 1960-ական թվականները գրական վեճերի եւ որոնումների տարիներ էին: Դրանք առանձնապես արդյունավետ եղան արձակում: Նոր սերնդի արձակագիրները, որոնց մեջ էր նաեւ Մաթեւոսյանը, որոնում էին կյանքի պատկերման նոր եղանակներ, ուշադրություն էին դարձնում կյանքի այն կողմերին, որոնք դուրս էին մնացել գրականության ուշադրությունից: Արձակի այս շարժման մեջ Մաթեւոսյանը մեծ ներդրում ունեցավ: Նա գրում էր համեմատաբար քիչ, բայց նրա վիպակներն ու պատմվածքները հասարակական լայն արձագանք էին գտնում ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում եւ նախկին Խորհրդային Միության այլ հանրապետություններում: Նրա գործերը թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով:

Նմանատիպ նյութեր