798 դիտում
18:20 17-12-2014
«Ուղեցույց երիտասարդ դեսպանին. Փաստարկներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ» գիրքը` ընթերցողի սեղանին
Դեկտեմբերի 15-17-ն անցկացվեց «Հարեւաններ. հայացք Հայաստանից» գիտաժողովը: Այն կազմակերպել է «Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոնը» Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Երիտասարդ առաջնորդների դպրոցի, Ամերիկայի հայկական համագումարի եւ ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի աջակցությամբ: Գիտաժողովի ընթացքում մասնագետներն անդրադարձ կատարեցին Արցախի շուրջ ծավալված իրադարձություններին, ԻՇԻՊ ահաբեկչական խմբավորման ու արաբական աշխարհում համապատասխան զարգացումներին, Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականության իրավական եւ քաղաքագիտական դիտանկյուններին:
Դեկտեմբերի 17-ին` գիտաժողովի փակման օրը, տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար, թուրքագետ Արտակ Շաքարյանի «Ուղեցույց երիտասարդ դեսպանին. Փաստարկներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ» գրքի շնորհանդեսը: Այն տպագրվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահ գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Գիրքն ըստ էության անդրադառնում է Հայոց ցեղասպանության խնդրին եւ ամփոփ ներկայացնում, թե ՀՀ-ն պաշտոնապես ինչ է պահանջում Թուրքիայից` որպես հատուցում:
ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը գիրքը համարեց կարեւոր հրատարակություն ու նշեց. «Այն զինում է երիտասարդությանը այն կարեւոր պատասխաններով ու մոտեցումներով, որոնք հաճախ թուրքական կողմը խեղաթյուրում է` իր տեսակետի մեջ ներկայացնելով»: Կիրո Մանոյանը հատկապես կարեւորեց գրքի առաջաբանը, որտեղ ներկայացվում է, որ Թուրքիան որդեգրել է կասկած հարուցելու քաղաքականություն: Կիրո Մանոյանի ներկայացմամբ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին միայն մեզ հաջողվեց ունենալ Հայոց ցեղասպանության հատուցում պահանջող համապարփակ թղթածրար, քանի որ նախկինում բազում նման փորձերը անհաջողության էին մատնվել:
Արտակ Շաքարյանը, ներկայացնելով «Ուղեցույց երիտասարդ դեսպանին. Փաստարկներ Հայոց ցեղասպանության
վերաբերյալ» գրքի օգտակարությունը, նշեց. «Թվում է, թե հայ հասարակությունը լիովին տեղեկացված է Հայոց ցեղասպանության մանրամասներին: Սակայն իրականում Հայոց ցեղասպանության մասին մեր հասարակության անդամների զգալի մասի գիտելիքները ո′չ հիմնավոր են, ո′չ էլ, առավել եւս, փաստարկված: Մինչդեռ նշված հիմնախնդիրների վերաբերյալ թերի տեղեկացված հայ երիտասարդները, արտասահմանում զանազան առիթներով հանդիպելով թուրք եւ ադրբեջանցի՝ համապատասխան կառույցների կողմից նախօրոք պատրաստված անձանց, հաճախ դժվար իրավիճակներում են հայտնվում: «Ուղեցույց երիտասարդ դեսպանին» աշխատանքը ուղղված է լրացնելու այս բացը լրացնելուն»:
Գրքում ներկայացված նյութերի շրջանակներում ուսումնասիրվել են Հայոց ցեղասպանության մասին թուրքական գրականությունն ու հակահայկական կայքերի քարոզչական բնույթը: Այս բնագավառի ճանաչված հայ մասնագետների հետ քննարկվել են թուրքական ժխտողական հիմնական թեզերը, համատեղ փորձ է արվել վերջիններից տալ հնարավորինս հիմնավոր, սեղմ եւ ընդգրկուն պատասխաններ: Գրքում մասնավորապես քննարկվում են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հայերի թիվը, հայերի ինքնապաշտպանությունները, բռնագաղթի՝ որպես բնաջինջ գործիքի օգտագործումը, ինչպես նաեւ օսմանյան դատարանի կողմից հայերի կոտորածների դատապարտումը:
Գիրքը նախատեսված է արտասահման մեկնող երիտասարդների համար, ովքեր այս կամ այն ձեւաչափով քննարկելու են Հայոց ցեղասպանությունը կամ հանդիպումներ են ունենալու թուրք գործընկերների հետ:
Նմանատիպ նյութեր
1389 դիտում
21:00 28-02-2014
Ընթերցողի սեղանին դրվեց Լևոն Խեչոյանի վերջին գիրքը. «Ազատություն». տեսանյութ
5009 դիտում
13:26 14-11-2018
«Լաբիրինթոսից դուրս» գիրքը դրվեց հայ ընթերցողի սեղանին
Այս բաժնից
475 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
322 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
931 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին