Վրաստանի երիտասարդ դիվանագետների ակումբի անդամները հանդիպեցին հայ երիտասարդների հետ
Օրեր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, Վրաստանի երիտասարդ դիվանագետների ակումբի և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի համագործակցության շրջանակներում, կայացավ հանդիպում հայ երիտասարդության ներկայացուցիչների հետ:
Այն նվիրված էր Եվրամիության և Վրաստանի եվրոպական ինտեգրման թեմային:
Ակումբի անդամներ Գիորգի Գոգուաձեն և Գիորգի Թումասյանը քննարկեցին Եվրամիության ստեղծման պատմությունը, Վրաստանի եվրոպական ինտեգրման դրական և բացասական կողմերը, ասոցացման մասին համաձայնագիրը, ինչպես նաև այցեհրավերների և Եվրամիության երկրներում կրթությունը շարունակելու հնարավորությունները:
Հանդիպման երկրորդ մասը ընթացավ բանավեճի ձևաչափով: Հայ երիտասարդները բանախոսներին առաջադրեցին Վրաստանի և Հայաստանի ինտեգրման տարբեր միավորումներին անդամակցության, երկու երկրների միջև փոխայցելությունների, ՀՀ քաղաքացիների Վրաստան այցելությունների վերաբերյալ հարցեր:
Նախագիծն իրականացվում է ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնի աջակցությամբ, հայտնում է Վիրահայոց թեմի լրատվական ծառայությունը: