Շվեյցարացի մասնագետները վերապատրաստում են հայ փրկարարներին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը հանդիպել է Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության գործակալության (SDC) «Տարածաշրջանային արագ արձագանքման թիմեր» ծրագրի համակարգող Անտոն Բիլանգին և ազգային համակարգող Սերգեյ Հովհաննիսյանին:
Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել հրշեջ-փրկարարների առաջիկայում անցկացվելիք վերապատրաստման դասընթացներն ու վարժանքները և շվեյցարական գործակալության կողմից հնարավոր տեխնիկական օժանդակության հետ կապված հարցերը:
Ողջունելով հյուրերին` Ս. Ազարյանը նշեց, որ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների միավորմամբ գործառույթներն ավելի են ընդլայնվել: ՓԾ տնօրենը նաև տեղեկացրեց, որ անհրաժեշտ փրկարարական գույքի ցանկն արդեն ներկայացվել է և քննարկվում է գործակալության փորձագետների հետ:
Ա. Բիլանգը կարծիք հայտնեց, որ նախարարությունների միավորումն ավելի ամուր հիմք է ստեղծում համատեղ ծրագրերի իրականացման համար.
- Այս շաբաթ մենք կլինենք Լոռու և Տավուշի մարզերում, աշխատելու ենք Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ, կհստակեցնենք հաջորդ տարվա անելիքները, ինչպես նաև այն փորձագետների անունները, որոնք վարելու են փրկարարական դասընթացները:
ՓԾ տնօրենը, հաստատելով համագործակցության պատրաստակամությունը, հանձնարարեց ամենայն աջակցություն ցուցաբերել շվեյցարական գործակալությանը` դասընթացները հնարավորինս արդյունավետ անցկացվելու համար: