1811 դիտում
17:36 03-09-2014
Հայ և շվեյցարացի մասնագետներն անցկացրին նանոանվտանգության վերաբերյալ սեմինար. տեսանյութ
Շվեյցարիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունը ՄԱԿ-ի ուսուցման և հետազոտման ինստիտուտի հետ համատեղ իրականացնում է <<Հայաստանում նանոանվտանգության վերաբերյալ ուսուցման և ներուժի ամրապնդմանն ուղղված ծրագիրը>>: Ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 3-ին «Անի պլազա» հյուրանոցում տեղի է ունեցել ներածական սեմինար, որում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասսերը:
ՀՀ բնապահպանության նախարարության անունից խորին երախտագիտություն հայտնելով Շվեյցարիայի կառավարությանը` ի դեմս դեսպան Լուկաս Գասերի, ծրագրի իրականացմանը ֆինանսական աջակցություն տրամադրելու համար՝ Արամայիս Գրիգորյանը նկատել է, որ քիմիական նյութերի օգտագործումը շատ ոլորտներում ունի զգալի առավելություններ, սակայն այդ նյութերի ոչ ճիշտ կիրառումը դրանց գործածության ցանկացած փուլում կարող է մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա անբարենպաստ ներգործության պատճառ դառնալ: Ըստ նախարարի, նանոարտադրանքը կարելի է սպառել բացառապես դրա անվտանգ լինելու դեպքում, ինչը հնարավոր է ապահովել միայն հետազոտողների, արտադրողների և համապատասխան գործադիր մարմինների համատեղ ջանքերի շնորհիվ:
Բնապահպանության նախարարը շեշտել է, որ վերջին տարիներին զգալիորեն աճել է քիմիական նյութերի արտադրությունը, առևտուրն ու կիրառումը և ներկայացրել այդ ուղղությամբ վարվող պետական քաղաքականության սկզբունքները. «Հայաստանի Հանրապետության բնապահպանական պետական քաղաքականությունը նպատակաուղղված է քիմիական նյութերի անվտանգ կառավարման ապահովմանը` նպատակ ունենալով կանխարգելելու շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա դրանց վտանգավոր ազդեցությունը: Այս առումով, առավել կարևոր նշանակություն ունի քիմիական նյութերի ազդեցությամբ պայմանավորված ռիսկի գնահատումը, քիմիական նյութերի անվտանգ արտադրության և դրանց պատշաճ օգտագործման օրենսդրության կատարելագործումը, ինչից ելնելով անհրաժեշտ է մշակել հուսալի քաղաքականություն` քիմիական նյութերի գործածության ողջ կենսացիկլի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար»:
Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասսերը Շվեյցարիայի կառավարության անունից խորին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը` այս աշխատաժողովը նախապատրաստելու և կազմակերպելու համար։ Դեսպանը նաև երախտիքի խոսք է ուղղել հայ գործընկերներին` գնալով ավելի կարևոր դարձող այս հարցի անվտանգ կառավարմանն ուղղված անձնվեր ջանքերի համար. «Կարծում եմ, որ նանոտեխնոլոգիաների քննարկումը հատուկ կարևորություն ունի Հայաստանում։ Այս խոստումնալից տեխնոլոգիան ունի խոշոր ներուժ այս երկրում, որն ունի կրթության բարձր մակարդակ և գիտահետազոտական աշխատանքներ կատարելու ունակություններ բնական գիտությունների և ճարտարագիտության ոլորտում։ Նանոտեխնոլոգիաները հատուկ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար, և ես չեմ զարմանա, եթե Հայաստանը դառնա ձեռնհասության և իմացության առաջատար կենտրոններից մեկը աշխարհում։ Հետևաբար, կարծում ենք էական է, որ Հայաստանը նաև լրջորեն ուսումնասիրի նանոտեխնոլոգիաներին առնչվող հավանական ռիսկերը, բացասական հետևանքները, որոնք կարող են ունենալ մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա` դրանց հետ ոչ պատշաճ կերպով վարվելու դեպքում»:
Սեմինարին հիմնական զեկույցով հանդես է եկել ՄԱԿ-ի Ուսուցման և հետազոտման ինստիտուտի քիմիական նյութերի և թափոնների կառավարման ծրագրի ավագ խորհրդատու Գեորգ Կարլագանիսը: Վերջինս նշել է, որ ծրագրի իրականացումը կնպաստի նանոանվտանգության ոլորտի կադրերի պատրաստմանը, ինչպես նաև քիմիական նյութերի կառավարման ոլորտում ազգային ներուժի ամրապնդմանը: Սեմինարին ներկայացվել են նանոտեխնոլոգիայի հիմնական առավելությունները և թույլ կողմերը, ինչպես նաև ռիսկերի նվազեցման ուղիները: Զեկույցներից հետո ծավալվել է շահագրգիռ քննարկում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2279 դիտում
14:13 26-08-2019
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետներն ականազերծել են 48967 քմ տարածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
745 դիտում
14:40 11-01-2025
Գանձաքարի նորակառույց դպրոցը գործում է հունվարի 7-ից. վարչապետը տեսանյութ է հրապարակել
883 դիտում
13:21 11-01-2025
Տոմսային ինչ փաթեթներ է առաջարկվում քաղաքապետարանը․ տեսանյութ
733 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ