211652_close_icon
views-count985 դիտում article-date 14:49 12-12-2014

Լատվիան հավելյալ քայլեր կգործադրի՝ բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնման ուղղությամբ. Էդգարս Ռինկևիչ

Դեկտեմբերի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Երևան ժամանած Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորեց պարբերական քաղաքական երկխոսությունը` Հայաստանի և Լատվիայի միջև, որը նպաստում է երկկողմ փոխգործակցության համակողմանի զարգացմանը։ Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նախարար Ռինկևիչն ասաց, որ Լատվիան հավելյալ քայլեր է գործադրելու` բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնման ուղղությամբ։ Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռինկևիչը գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են. անցած տարիների ընթացքում տեղի են ունեցել երկու երկրների Նախագահների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների փոխադարձ այցելություններ, մի շարք հանդիպումներ միջազգային համաժողովների շրջանակներում: Էդվարդ Նալբանդյանն ու Էդգարս Ռինկևիչն անդրադարձան բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական բնագավառներում հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին։ Բանակցությունների օրակարգում էին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցությանը։ Երկուստեք նշվեց, որ վերջին շրջանում առավել ընդլայնվել է Հայաստանի և Լատվիայի միջև իրավապայմանագրային դաշտը և կարևորվեց նոր համաձայնագրերով դրա համալրումը։ 2015թ. առաջին կեսին Եվրոպական միությունում Լատվիայի նախագահության համատեքստում քննարկվեց Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը: Նախարարական հանդիպման օրակարգում էին առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը: Այդ առումով կարևորվեց գործարար համաժողովների կազմակերպումը։ Էդվարդ Նալբանդյանը լատվիացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը, Ադրբեջանի զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային արդի խնդիրների՝ ուկրաինական ճգնաժամի, Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Նախարարների հանդիպմանը հետևեց համատեղ մամլո ասուլիս:

Նմանատիպ նյութեր