211652_close_icon
views-count1286 դիտում article-date 13:25 10-12-2014

ՀՀ եւ ԼՂՀ պատանի երաժիշտները հանդես կգան համերգով

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը՝ ս. թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացնի «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամների տարեվերջյան հաշվետու համերգը: Համերգային ծրագրում ընդգրկված են հայ, ռուս և արևմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգի շրջանակում պատանի երաժիշտներն ելույթ կունենան նաև ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, «Հարմոնիում» երաժշտական կենտրոնի նախագահ, դաշնակահար Արմեն Բաբախանյանի և ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար Արամ Թալալյանի հետ: Մասնակիցները հանդես կգան ՀՀ մշակույթի նախարարության«Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամ» ծրագրով տրամադրված երաժշտական գործիքներով: «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագիրը» մեկնարկել է 2013 թվականին: Այն նպատակ ունի բացահայտել և աջակցել 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ–կատարողներին՝ «Դաշնամուր», «Ջութակ» և «Թավջութակ» մասնագիտություններում: Ծրագիրը ներառում է միջոցառումների համալիր շարք, որի իրականացումը կնպաստի միջազգային ասպարեզում հայ կատարողական դպրոցի մրցունակության ապահովմանն ու դասական կատարողական արվեստի ոլորտում բնականոն սերնդափոխության հիմքերի ձևավորմանը: Այս մասին տեղեկացնում է Մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր