150 միլիոն դոլար և 5 տարի. ստորագրվել է «Հին Երևան» ծրագրի համաձայնագիրը. տեսանյութ
Ճարտարապետ Լևոն Վարդանյանն ուրախ է: Իր նախագծած «Հին Երևան»-ի իրականացման համար Կառավարությունն ու ներդրողը վերջապես ստորագրեցին անհրաժեշտ համաձայնագիրը: Շինարարությունն ընթանալու է Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում: Կամարներ, 19-րդ դարին բնորոշ բակեր, մեծ պատշգամբներ` հրապարակամերձ փոքրիկ հատվածը Երևանի հին ճարտարապետական մշակույթով է լցվելու:
Մոտ 150 միլիոն դոլար: Ճարտարապետի հաշվարկով հենց այսքան ներդրում է պետք նախագիծն ամբողջովին իրականացնելու համար: «Հին Երևան» ծրագրի մասին խոսվում է 2012-ից, Լևոն Վարդանյանն ասում է, որ այս ընթացքում իրեն բազմաթիվ ներդրողներ են դիմել, ասել են, որ կտան անհրաժեշտ գումարը: Ճարտարապետը չի համաձայնել: Ասում է` նրանց հետ խոսակցությունից զգացել է` նրանց ցանկացածը Երևանի հին ճարտարապետությունը վերադարձնելը չէ: Մինչդեռ շվեյցարաբնակ ներդնողը վստահություն է ներշնչել Լևոն Վարդանյանին:
Նախատեսված հատվածում լինելու է 30 շենք: Նախագծողը չի ուզում, որ այդ տարածքը բնակելի լինի: Երազում է այդ հատվածը հասարակական, մշակութային կենտրոնի վերածել: Հավաստիացնում է` 2015-ի մարտին կավարտի նախագծի ամբողջական մակետը, որը պետք է հանրային քննարկում անցնի: Դրանից հետ պետք է նախագիծը համաձայնեցվի Մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի հետ: Շինարարությունը սկսելու են եկող տարի. ծրագրի իրականացման համար կառավարությունը 5 տարի ժամկետ է սահմանել:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/38293#.VIW5D3S9cVo.facebook]Armnewstv.am[/url]