211652_close_icon
views-count1408 դիտում article-date 13:42 08-03-2023

Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատին 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և 50 միլիոն դոլար՝ Արցախին

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի իր գործընկերներին 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և 50 միլիոն դոլար՝ Արցախին։

Ֆրեն Փալոնեն նամակով դիմել է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս-Բալարտին և բարձրաստիճան անդամ Բարբարա Լիին, որում կոչ է արել նաև  2 միլիոն դոլար հատկացնել ականազերծման աշխատանքների համար և  ապահովել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի կատարումը, որով սահմանափակվում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը տրամադրվող ռազմական օգնությունը, ինչպես նաև ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս ազատ արձակի հայ ռազմագերիներին, որոնք պետք է ազատ արձակվեին դեռևս 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն։

Փալոնն իր նամակում նաև ուշադրության է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անմարդկային և անօրինական շրջափակման վրա, որը շարունակվում է արդեն երեք ամիս։  Նամակում ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը գտնվում է հումանիտար ճգնաժամի եզրին, որը սպառնում է երկարաժամկետ հետեւանքներ ունենալ տարածաշրջանի անվտանգության համար:

Նամակում նշվում է, որ Լաչինի միջանցքը արգելափակելու և բժշկական, սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիության շարունակական սահմանափակումը առաջացրել են  «անհաղթահարելի կարիքներ», ուստի այսօրվա դրությամբ ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող օգնությունը լիովին անբավարար է։

Հայաստանի անվտանգության ամրապնդման եւ տարածաշրջանում ժողովրդավարության պաշտպանության նպատակով նամակում նաեւ կոչ է արվում Հայաստանին օգնություն ցուցաբերել իր ինքնիշխանության պաշտպանության գործում՝ ադրբեջանական էքսպանսիայի և ավտորիտարիզմի դեմ պայքարում:

Նմանատիպ նյութեր