211652_close_icon
views-count1078 դիտում article-date 18:58 05-12-2014

Հայրապետական այց ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրավերով այսօր ԿԳ նախարարություն է այցելել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն օրհնել և զրուցել է կրթության նախարարության աշխատակիցների հետ, ապա հանդիպում ունեցել ղեկավար անձնակազմի հետ: Ողջունելով Ամենայն Հայոց Հայրապետին՝ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Վեհափառին այցի համար՝ շեշտելով, որ կրթության ոլորտի և նախարարության համար այս օրը պատմական է. "Մենք քանիցս տարբեր միջոցառումների շրջանակում պատիվ ենք ունեցել հյուրընկալվել Մայր Աթոռում՝ փաստելով Եկեղեցու և կրթության համակարգի սերտ կապերը: Ձեր այցը իրադարձություն է ոչ միայն կրթության և գիտության նախարարության, այլև պետական կառավարման համակարգի համար",- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ Վեհափառի այցը վերաբերմունքի ընդգծված դրսևորում է կրթության և գիտության ոլորտի նկատմամբ: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում անդրադարձ կատարելով Հայ Առաքելական եկեղեցու և կրթության ոլորտի պատմական համագործակցությանը՝ նշել է, որ կրթությունը, սկսած դեռևս մաշտոցյան ժամանակներից ու հայոց գրերի գյուտից, եղել է Հայ առաքելական եկեղեցու կարևոր առաքելություններից մեկը: Վեհափառն իր գնահատանքի խոսքն է հղել անձնապես նախարարին ու ԿԳՆ աշխատակզմին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ծրագրերին ցուցաբերվող ուշադրության և աջակցության համար. <<Շարունակեք ձեր ազգանվեր գործունեությունը և գործադրեք ամենայն ջանք, որ ձեր ծանր ու պատասխանտու աշխատանքը լինի արգասաբեր ու պտղաբեր, որպեսզի մեր երկիրը զորանա և շենանա՝ ձեր աշխատանքի արդյունքում>>: Վեհափառը նաև հավելել է, որ ՀՀ անկախության առաջին տարիներից սկսած, հիմք ընդունելով երկրի Սահմանադրությունն ու կրթության մասին օրենսդրությունը, Եկեղեցու և կրթության համակարգի միջև ձևավորվել է սերտ և գնահատարժան համագործակցություն: Իբրև համագործակցության կոնկրետ դրսևորումներ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է դպրոցներում <<Հայ եկեղեցու պատմություն>> առարկայի դասավանդումը, ԵՊՀ-ում Աստվածաբանության ֆակուլտետի հիմնադրումը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի ճանաչումը՝ իբրև բարձրագույն ուսումնական հաստատություն, Հայորդյաց տների գործունեությունը Մայր եկեղեցուն վստահելու իրողությունը: Վեհափառն ընդգծել է նաև, որ կրթության ոլորտի ձեռքբերումներն այսօր ակնհայտ են՝ մասնավորապես շեշտելով միջազգային օլիմպիադաներում հայ դպրոցականների արձանագրած հաջողությունները: Հանդիպման ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջարկ է ներկայացրել նախարարին, որով Մայթ Աթոռի կողմից կսահմանվի կրթաթոշակ՝ բարձր առաջադիմությամբ սոցիալապես անապահով ուսանողների համար: Այնուհետև պատասխանելով ներկաների հարցերին՝ Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձել է վերջերս տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին, կրթություն-եկեղեցի համագործակցության հանրային արձագանքներին և Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Մայր եկեղեցու կողմից ծրագրվող միջոցառումներին: Վեհափառի խոսքով կրթության համակարգի և Հայ Եկեղեցու համագործակցությունը հանրությունը հիմնականում դրական է ընկալում, իսկ ինչ վերաբերում է որոշ խմբերի ու անձանց կողմից հնչեցված քննադատությանը, ապա ըստ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ դրանք հիմնականում երկրի օրենսդրության չիմացության և մեր ժողովրդի պատմության հետ աղերս չունենալու հետևանք են. "1700 տարի Հայ եկեղեցին եղել է կրթության գործի կազմակերպիչներից մեկը, և այսօր մենք չենք կարող առնչություն չունենալ կրթության կազմակերպման և հոգևոր մշակութային արժեքների փոխանցման գործին",- նշել է Գարեգին Բ Կաթողիկոսը: Ներկաներից մեկը հարց է ուղղել կաթողիկոսին եպիսկոպոսաց վերջին ժողովում քննարկված հարցերի վերաբերյալ: Վեհափառ Հայրապետը տեղեկացրել է, որ եպիսկոպոսաց այս ժողովն ունեցել է բացառիկ նշանակություն. ժողովին մասնավոր քննության առարկա է դարձել Հայ Եկեղեցում սրբադասման կանոնի վերականգնումը: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը ներկաներին տեղեկացրեց նաև 2015 թվականի ապրիլի 23-ին տեղի ունենալիք Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասման մասին: Հանդիպման ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսն անդրադարձավ նաև Մայր Աթոռ-ԿԳ նախարարություն համագործակցության զարգացման հեռանկարներին:

Նմանատիպ նյութեր