211652_close_icon
views-count3421 դիտում article-date 18:48 04-04-2016

ՀՀ կրթության և գիտության նախարարն անակնկալ այց է կատարել Աշտարակ քաղաքի ավագ դպրոց

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր անակնկալ այց է կատարել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ավագ դպրոց: Նախարար Մկրտչյանը մի քանի րոպեով ընդմիջել է 12-րդ դասարանի 5-րդ դասաժամը, զրուցել աշակերտների հետ, որոնք պարզ և անմիջական մթնոլորտում խոսել են դպրոցն ավարտելուց հետո իրենց անելիքների և այս պահի դժվարությունների մասին: Ի դեպ, տվյալ դասարանում սովորող 17 աշակերտներից դասին ներկա էին տասնհինգը: Դպրոցի տնօրեն Մարինե Սուքիասյանի հետ քննարկման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է, որ այս փուլում, երբ հանրապետության մանկավարժական կազմի հետ ակտիվ քննարկումներ են ծավալվում ավագ դպրոցի զարգացման ծրագրերի ուղղությամբ` շատ կարևորում է ինչպես առկա խնդիրների վերհանումը, այնպես էլ` դպրոցներից ստացվող առաջարկները: Դպրոցի տնօրեն Սուքիասյանը ներկայացրել է ավագ դպրոցին վերաբերվող խնդիրներ, որոնց առնչվել է իր աշխատանքի ընթացքում, մասնավորապես` կրթական ծրագրերին, մասնագիտական կողմնորաշման ավագ դպրոցների կրթական ծրագրերին, ավագ դպրոցի և ՄԿՈՒ հաստատությունների միջև ձևավորված մրցակցային հարաբերություններին: Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մարտի 12-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հանձնարարական էր տվել ներկայացնել ավագ դպրոցների զարգացման ծրագրերը: Նախարար Լ. Մկրտչյանը հանդիպում է ունեցել նաև Արագածոտնի մարզպետ Գ. Գյոզալյանի հետ և քննարկել մարզի կրթական հաստատություններին վերաբերող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր