1110 դիտում
18:40 05-12-2014
Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Բազելում` ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում
Բազելում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցավ։
Դեկտեմբերի 4-ի առավոտյան Էդվարդ Նալբանդյանը ներկա գտնվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ նախարարական խորհրդի 21-րդ նստաշրջանի օրակարգը, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական համադրմանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը քննարկվեցին դեկտեմբերի վերջին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նախապատրաստական աշխատանքները։
Էդվարդ Նալբանդյանի և Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Տուոմիոյայի հետ հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ։ Ֆինլանդիայի արտգործնախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները` տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։
Նախարար Նալբանդյանի և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Նախարար Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին տեղեկացրեց Ադրբեջանի զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման հետևանքով ստեղծված իրավիճակը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի և Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլիի հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը, շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ, վստահություն հայտնեց, որ երկու երկրները կշարունակեն առավել ամրապնդել և խորացնել բարիդրացիական հարաբերությունները։ Զրուցակիցները քննարկեցին բարձրաստիճան փոխայցելությունների առաջիկա ժամանակացույցը, կարևորվեց ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը։ Անդրադարձ արվեց մի շարք տարածաշրջանային խնդիրների։
Հայաստանի և Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների` Էդվարդ Նալբանդյանի և Քեյթ Պենտուս-Ռոզիմաննուսի հանդիպման ժամանակ գոհունակություն հայտնվեց երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ։ Քննարկվեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-էստոնական փոխգործակցությունը։ Նախարարներն անդրադարձան կրթական բնագավառում համագործակցությանը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում փոխադարձ այցելություններ իրականացնելու վերաբերյալ։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ նախարար Նալբանդյանը քննարկեց երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայ-ռուսական հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ արվեց տարածաշրջանային խնդիրների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին։
Նախարարները գոհունակություն հայտնեցին դեկտեմբերի 4-ին Եվրասիական միության հիմնադրման մասին փաստաթղթին Հայաստանի միացման վերաբերյալ պայմանագրի` ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացման կապակցությամբ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրեց Ադրբեջանի զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը։
Էդվարդ Նալբանդյանի և Մալթայի արտգործնախարար Ջորջ Վելլայի հանդիպմանը անդրադարձ արվեց երկկողմ հարաբերությունները ձևավորելու նպատակով ձեռնարկվելիք քայլերին։ Այս առումով կարևորվեց համատեղության կարգով Վալետայում Հայաստանի դեսպանի հավատարմագրումը։
Նախարարները քննարկեցին միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, գործարար կապերի, մշակութային փոխանակումների ակտիվացման ուղիները։ Էդվարդ Նալբանդյանն ու Ջորջ Վելլան մանրամասն մտքեր փոխանակեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության շուրջ։
Նմանատիպ նյութեր
1464 դիտում
16:30 03-11-2014
Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը չի բացառել Բազելում Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը
872 դիտում
11:49 06-12-2014
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը լրագրողների հետ Բազելում
Այս բաժնից
808 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
463 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը