211652_close_icon
views-count1636 դիտում article-date 18:18 04-12-2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթն Ազգային ժողովի լիագումար նիստում ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման կապակցությամբ

Ազգային ժողովի հարգելի նախագահ, Հարգելի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվել են Ազգային ժողովի հա­վա­նու­թյանն արժանացած Կառավարության, ինչպես նաեւ՝ ՀՀ կառավարության կողմից ըն­դուն­ված 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի դրույթները: Արդեն իսկ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում առիթ եմ ունեցել նշելու, որ թե՛ ձեր կողմից հաստատված կառավարության ծրագիրը, թե՛ պետական բյուջեի 2015թ. նախագիծը, առաջին հերթին, իրատեսական են: Ըստ ներկայացված հաշվարկների, անկախ ներքին եւ արտաքին տարաբնույթ տնտեսական զարգացումներից` ստանձնած պարտավորությունները պետք է իրականացվեն: 2015 թվականի պետական բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղ­վա­ծություն, ինչի մասին վկայում է այն հանգամանքը, որ բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը կազմում են սոցիալական, կրթական, մշակութային եւ առողջապահական բնագավառների ծախսերը: Պատշաճ մակարդակի ծախսեր են նախատեսված պաշտպանության, հասարակական կարգի պահպանութ­յան եւ ազգային անվտան­գու­թ­յան ապա­­հովման համար: 2015 թվականին եւս շա­րու­նակելու ենք ցուցաբերել ֆինանսական աջակցություն Լեռնային Ղարա­բա­ղի Հանրա­պե­տու­թ­յանը: Միեւնույն ժամանակ, բոլոր ոլորտներում ուղղորդվել ենք հավասար պայմանների ստեղծման եւ հասարակությանն ականջալուր լինելու մեր կարգախոսով: Մենք նախաձեռնել ենք բազմաթիվ միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են էապես բարելավելու գործարար միջավայրը, ամրապնդելու պետության նկատ­մամբ գործարարների վստահությունը: Սակայն դրանցից բոլորը չէ, որ իրենց անմիջական արտացոլումն են գտել 2015թ բյուջեում: Այնուամենայնիվ, այս կառավարության կողմից առաջին անգամ ներկայացվող տարեկան բյուջեում կարելի է արդեն տեսնել նոր քաղաքականության շեշտադրումների սկիզբը: Մենք նայում ենք խնդիրներին ոչ թե առօրեական շահերի, այլ տնտեսության հեռանկարի տեսանկյունից, եւ հնարավորինս ձգտել ենք երկարաժամկետ օգուտները գերադասել անմիջական եկամուտների գայթակղությունից: Օրինակ, ավելացված արժեքի հարկի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որի իմաստը պետության եւ տնտեսվարողի համար միեւնույն պայմանների կիրառումն է, անկախ հսկայական ծախսից, մենք իրականացնելու ենք: Իրատես լինելով՝ դա կարող ենք իրականացնել միայն փուլ առ փուլ՝ բյուջեի վրա ծախսերի հսկայական բեռը բաժանելով երեք տարվա մեջ եւ նախապատվությունը տալով փոքր բիզնեսին: Ակտիվորեն շարունակելու ենք տեսչական բարեփոխումները: Ես բազմիցս հնչեցրել եմ իմ մոտեցումը՝ որքան քիչ ստուգող, այնքան լավ: Որքան կանոնակարգված եւ թափանցիկ լինեն ստուգումները, այնքան լավ: Որքան ստուգումների քանակի վրա լինեն սահմանափակումներ, այնքան լավ: Սա 2015թ. բյուջեում արտացոլելը եւս դժվար է, բայց Ազգային ժողով ներկայացված օրենքների նախագծերից, Կառավարության եւ վարչապետի որոշումներից կարելի է համապատասխան դատողություններ անել մեր քաղաքականության ուղղվածության մասին: Ինչպես եւ ես կանխատեսում էի, բյուջեի քննարկման ժամանակ առաջարկված փոփոխությունները ծախսերի զգալի ավելացում են ենթադրում: Ես շնորհակալ եմ պատգամավորներին, որ հարգեցին իմ խնդրանքը եւ Հայաստանի՝ տարիներով կուտակված խնդիրները միանգամից լուծող ծախսերի մակարդակ չառաջարկեցին: Անգամ այդ պարագայում, արված գումարային առաջարկությունները 164 մլրդ դրամի չափ էին՝ բացառիկ դեպքերում միայն եկամտի աղբյուրներ նշելով: Բնականաբար, մենք ուշադրությամբ քննարկել ենք բոլոր առաջարկները, եւ անգամ եթե չենք կարողացել ֆինանսական լուծումներ տալ, ապա տվել ենք մանրամասն պարզաբանումներ: Բաց ենք եղել փոփոխությունների ոչ միայն ֆինանսական հատկացումների, այլեւ՝ քաղաքականության տրամաբանության առումով: Օրինակ, անաշխատունակության նպաստների դեպքում միջազգային փորձից բխող առաջարկների հանրային լայն, այդ թվում ձեզ հետ քննարկումներից հետո մենք ընդունեցինք որոշումներ, որոնք թե՛ սահմանափակում են նարդարությունների հնարավորությունները, թե՛ անհրաժեշտ պաշտպանություն ապահովում մեր քաղաքացիների համար: Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումների արդյունքում մենք թե՛ ավելացրել ենք եկամուտները, թե՛ կրճատել ծախսերը եւ թե՛ ընդունել կրճատված ծախսերի կրկնակի չափով՝ 13.5 մլրդ դրամի նոր ծախսային ծրագրեր: Լինելով շարունակական եւ իներտ փաստաթուղթ՝ պետական բյուջեն չի կարող միանգամից զգալիորեն փոխվել: Այն պետք է պարունակի եւ նախանշի փոփոխություններ, սակայն, ինչպես նշել էի իմ նախորդ ելույթում, առանց իրականության հետ կապը կորցնելու: Կարծում եմ, որ մեր ներկայացրած վերջնական նախագծում դուք տեսել եք փոփոխությունների մեր ձգտումը: Հուսով եմ, որ առողջ քննարկումների եւ բանավեճի իմ կոչն այսուհետ եւս իր դրական արձագանքը կգտնի: Ուզում եմ ավելի մանրամասն անդրադառնալ այս թեմային՝ ավելի լայն, քաղաքական մշակույթի համատեքստում: Ես բազմակարծության ջատագով եմ, բաց, անկեղծ քննարկումների կողմնակից, եւ համոզված եմ, որ բոլորս նույն գործն ենք անում մեր երկրում, ուղղակի անում ենք դա տարբեր հարթություններում: Սակայն կա հիմնականը երկրորդականից տարբերելու հրամայականը: Բազմակարծությունը չպետք է ֆետիշացնել, քննադատությունը չպետք է լինի ինքնանպատակ: Միջազգային տնտեսական զարգացումները տարաբնույթ են, բազմաշերտ, անորոշությունների աստիճանը՝ բարձր, քան երբեւէ: Մեր կարիքները բազմաթիվ են, միջոցները՝ սուղ: Համախմբման խնդիրն ավելի քան պահանջված է: Տարիներով ձեւավորված կնճռոտ խնդիրները մեկ ակնթարթում չենք լուծելու: Դրանք լուծելու ենք քայլ առ քայլ, համախմբված ջանքերով: Ազգովի պիտի հասնենք ներքին միության եւ ամրության՝ արտաքին աշխարհի մարտահրավերներին դիմակայելու եւ ազգային միասնականությունը որպես հաղթության երաշխիք ունենալու համար: Ես հստակ գիտեմ իմ անելիքները եւ անշեղորեն դրանք իրագործելու եմ: Մենք գիտենք՝ ինչ ենք անելու եւ ինչու, եւ մանր ինտրիգներն ու օդացունց քննադատությունները մեզ չեն շեղելու: Չենք տարվելու աջից ու ձախից փչող հովերով, կամա թե ակամա օտարի ջրաղացին ջուր լցնող մտայնություններով: Միեւնույն ժամանակ մենք քարացած չենք եւ ունակ ենք լսելու: Գիտենք, որ կան երկրի համար անհրաժեշտ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն եւ չունեն պարզ պատասխաններ: Մենք դա իրականացնելու համար համագործակցելու կամք ունենք: Խնդիրների լուծման հրամայականը մեզ համար կարեւոր է քաղաքական կոնյուկտուրայից: Մենք պատրաստակամ ենք երկխոսելու: Մեր գերակայությունը մեր քաղաքացին է՝ իր հոգսերն ու խնդիրները թեթեւացնելու հրամայականով: Մեր նպատակները հստակ են, հաստատակամությունն՝ աներեր: Համագործակցության դուռը բաց է: Շնորհակալություն:

Նմանատիպ նյութեր