1112 դիտում
19:51 02-12-2014
Վարչապետի գլխավորությամբ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության մարզպետները: Խորհրդակցության սկզբին վարչապետը նախ մարզպետներին է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին:
Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Արմեն Երիցյանի գործունեությունը կնպաստի նախարարության եւ մարզպետարանների միջեւ արդյունավետ համագործակցությանը՝ ուղղված համայնքների զարգացմանն ու հզորացմանը: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ համատեղ ջանքերով նախանշված բոլոր ծրագրերը կյանքի կկոչվեն:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում իրականացվող աշխատանքներին, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերին, ինչպես նաեւ ընթացիկ խնդիրներին առնչվող հարցեր: