Հայաստանն ու Իսրայելը կակտիվացնեն կապերը մաքսային ոլորտում Ստորագրվել է փոխադարձ օգնության մասին համաձայնագիր
Մաքսային ոլորտում Հայաստանի ու Իսրայելի համագործակցությունը թեւակոխել է նոր փուլ: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակության` Երուսաղեմ այցի շրջանակում, նոյեմբերի 26-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իսրայելի պետության կառավարության միջեւ մաքսային գործերում փոխադարձ օգնության մասին» երկկողմանի միջկառավարական համաձայնագիր, որն իրավական հիմք կապահովի երկու երկրների մաքսային ծառայությունների միջեւ անմիջական համագործակցության եւ շփումների համար: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների փոխնախարար Արթուր Աֆրիկյանը եւ Իսրայելի պետության ֆինանսների փոխնախարար Միկի Լեվին: Փաստաթուղթը հնարավորություն կընձեռի իրականացնել տեղեկատվության անմիջական փոխանակում, համատեղ քայլեր մաքսանենգության եւ մաքսային կանոնների խախտման դեմ պայքարում, կազմակերպել փորձի փոխանակում եւ համատեղ ուսումնական միջոցառումներ` նպաստելով երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ու առեւտրային հոսքերի աճին: Ի դեպ, ընթացիկ տարվա առաջին 10 ամիսներին Իսրայելից Հայաստան ներմուծման ցուցանիշը կազմել է 28.7մլն ԱՄՆ դոլար, արտահանմանը՝ 2.4մլն: Տեղի են ունեցել նաեւ երկկողմանի հանդիպումներ ստորագրված համաձայնագրի կիրարկման, ինչպես նաեւ երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության եւ Իսրայելի պետության կառավարությունների միջեւ մաքսային ոլորտում փոխադարձ օգնության մասին համաձայնագրի բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2012թ. մայիսին, Երուսաղեմում:
Իսկ 2014 թվականի նոյեմբերի 10-13-ը Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իսրայելի Պետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայի նախագծի շուրջ բանակցությունների 2-րդ փուլը: Բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել կոնվենցիայի բոլոր դրույթների շուրջ, ինչի արդյունքում այն նախաստորագրվել է: