211652_close_icon
views-count1351 դիտում article-date 11:49 01-12-2014

Կոտայքի մարզից զորակոչված զինծառայողները հանդիպել են իրենց ծնողների հետ. տեսանյութ

Կոտայքի մարզպետարանի դահլիճում տեղի է ունեցել մարզից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակ զորակոչված զինծառայողների հանդիպումն իրենց ծնողների և բանակի հրամանատարության հետ, որն ուղեկցվել է հանդիսավոր միջոցառմամբ: Միջոցառմանը մասնակցել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ու Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը: Կոտայքի մարզպետն ու ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարը ողջունել են բոլոր զինծառայողներին և նրանց ծնողներին` ընդգծելով նմանատիպ միջոցառման կազմակերպման հիմնական գաղափարախոսությունն ու վերջինիս հիմքում դրված առանցքային նպատակները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն իր խոսքում անդրադարձել է բանակային գործընթացների հիմնական ուղղություններին, հայոց պետության սահմանների անսասանությունն ապահովելու նպատակով ձեռնարկվող գործողություններին և այդ ամենի համատեքստում կարևորել հայ զինվորի կողմից ցուցաբերվող նշանակալի որակները: Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը մարզից զորակոչված զինծառայողներին շնորհակալություն է հայտնել հայրենիքի սահմանները պահպանելու գործում իրենց առաքելությունն անվերապահորեն իրականացնելու համար և փաստել, որ ինչպես նրանց, այնպես էլ բոլոր զինվորների ծնողները պետք է իրավամբ հպարտանան իրենց զավակներով: Կոտայքի մարզպետն իր խոսքում անդրադարձել է նաև հայրենիքի պաշտպանության ամենատարբեր գործընթացներում մարզի ր համայնքներից ներգրավված քաջարի զինվորների սխրագործություններին և ընդգծել, որ կոտայքցիները միշտ եղել են այդ ասպարեզի առաջամարտիկները: Հայ զինվորի ուրույն նկարագրին և բազում հերոսություններին է անդրադարձել և մարզկենտրոն այցելած զինվորներին օրհնել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի Թեղենիքի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Անդրանիկ Աբեղա Գևորգյանը: Կոտայքի մարզպետարանում կայացած հանդիսավոր միջոցառումն ուղեկցվել է <<Բանակը մեր տունն է խորագրով>> տեսաֆիլմի ցուցադրությամբ, ինչպես նաև ԼՂՀ պաշտպանության նախարարության <<Ասպետ>> համույթի ու Կոտայքի մարզի անհատ կատարրողների գեղարվեստական համարներով: Օրվա խորհրդի շրջանակներում ելույթներ են ունեցել նաև ԼՂՀ պաշտպանության բանակի մի շարք ներկայացուցիչներ, Երկրապահ կամավորականների միության Կոտայքի մարզային խորհրդի փոխնախագահ Համլետ Հայրապետյանը, Աբովյանի N 10 հիմնական դպրոցի տնօրեն Լիլյա Սառաջյանը, զինվորի մայր Աննա Բաղդասարյանն ու այլ հյուրեր ևս: Միջոցառման ավարտին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հրամանով խրախուսանքի են արժանացել ինչպես մարզից զորակոչված զինծառայողներն, այնպես էլ հայրենիքի պաշտապանության գործում մեծ ավանդ ունեցող մի շարք երկրապահներ, հանրակրթական դպրոցների մանկավարժներ և այլ անձինք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր