Արցախի զինծառայողները հանդիպել են ծնողների հետ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը անակնկալ էր պատրաստել Արագածոտնի մարզի այն ընտանիքների համար, որոնց զավակները իրենց զինվորական ծառայությունն անց են կացնում Արցախում: Կազմակերպված կերպով կատարվեց նրանց այցելությունը մարզ:
Հանդիպումը կայացավ մարզկենտրոն Աշտարակի հրապարակում, որտեղ հարազատների հետ զինվորներին դիմավորեցին մարզպետ Սարգիս Սահակյանը, պետական, զինվորական, ուժային կառույցների, հոգեւոր դասի ղեկավարները:
Սրտառուչ եւ հուզիչ հանդիպումից հետո միջոցառումը շարունակվեց մշակույթի տանը: Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց Արցախում վերջին իրադարձությունների արդյունքում զոհված մարտիկների հիշատակին:
ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը նշեց, որ Արագածոտնի մարզից իրենց մոտ ծառայող զինվորները մշտապես աչքի են ընկնում խիզախությամբ, պատրաստվածությամբ եւ որակական լավագույն հատկանիշներով:
Ռազմական գործում ցուցաբերած լավագույն աշխատանքի, օրինակելի ծառայության համար մի խումբ զինվորականների, ծառայողների եւ ծնողների ԼՂՀ պաշտպանության նախարարի կողմից հանձնվեցին պատվոգրեր, մեդալներ, շնորհակալագրեր եւ արժեքավոր նվերներ, իսկ զինորներին տրվեց 5-օրյա արձակուրդ:
Այս մասին տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանի լրատվական ծառայությունը: