211652_close_icon
views-count1083 դիտում article-date 23:38 30-11-2014

Հոգեհանգստի սուրբ պատարագ՝ Քուվեյթում

Նոյեմբերի 28-ին Քուվեյթի Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստի սուրբ պատարագ` ի հիշատակ նոյեմբերի 12-ին Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խոցված ուղղաթիռի օդաչուների` Քուվեյթի և Արաբական Ծոցի երկրների թեմի Կաթողիկոսական փոխանորդ, Գերապայծառ Տեր Մասիս Ծայրագույն Վարդապետ Զոփույանի նախագահությամբ: Պատարագի ընթացքում Գերպայծառ Հայր Սուրբը ներկաներին փոխանցեց նահատակման սուրբ խորհուրդն ու աղոթք բարձրացրեց առ Աստված` նահատակված հոգիների և Հայաստանի ու Արցախի խաղաղության համար: Պատարագի ավարտին ելույթ ունենալով Առաջնորդարանի «Արարատ» սրահում` Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը խոսեց Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրների և մարտահրավերների մասին, կարևորեց Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդումն ու հետագա սերտ համագործակցությունը` շեշտելով Հայոց բանակի ծանրակշիռ դերն ու հսկայական ներդրումը անվտանգության ամրապնդման և խաղաղության պահպանման գործում: Իր հերթին Գերպայծառ Հայր Սուրբը քուվեյթահայ համայնքի անունից խորին ցավակցություններ փոխանցեց Հայաստանի իշխանություններին և զոհվածների ընտանիքներին` միաժամանակ հայտնելով, որ քուվեյթահայությունը պատրաստ է զորավիգ կանգնել Հայրենիքին և բոլոր միջոցներով նպաստել նրա բարգավաճմանն ու առաջադիմությանը:

Նմանատիպ նյութեր