211652_close_icon
views-count1121 դիտում article-date 15:58 28-11-2014

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ`նախարարը համոզմունք հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ֆրանսիական հարաբերությունները նոր լիցք կստանան: Անդրադառնալով ընթացիկ տարում իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին`նախարարը գոհունակությամբ նշեց, որ դրանց շրջանակում նախատեսված ծրագրերը բարեհաջող են ընթանում: Այնուհետև նախարար Սերգո Կարապետյանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում վերջին տարիների ձեռքբերումները` միաժամանակ նշելով լուծումներ պահանջող հիմնահարցերը, մասնավորապես, տեղական արտադրանքի ինքնաբավության մակարդակի բարձրացման, գյուղացիական միությունների և կոոպերատիվների ձևավորման, վերամշակող արդյունաբերության արդիականացման և բնական աղետների դեմ առավել արդյունավետ պայքարի միջոցների ներդրման անհրաժեշտությունը: Դեսպանն իր հերթին նշեց, որ գյուղատնտեսությունն այն բնագավառն է, որտեղ երկկողմ համագործակցության տեսանկյունից պետական մակարդակով և մասնավոր հատվածում գրանցվել են զգալի հաջողություններ: Դեսպանը հաստատեց ֆրանսիական կողմի պատրաստակամությունը շարունակել աջակցությունը Հայաստանին գյուղատնտեսական ծրագրերի իրականացման հարցում: Այդ կապակցությամբ նա նաև տեղեկացրեց, որ 201 5 թվականին նախատեսվում է խաղողագործության և գինեգործության բնագավառի ֆրանսիացի փորձագետների այցը Հայաստան` համագործակցությունն ավելի ընդլայնելու նպատակով: Հաշվի առնելով առկա ներուժը` կողմերը մեկ անգամ ևս հաստատեցին, որ գյուղատնտեսության բնագավառը երկու երկրների համար գրավիչ է համագործակցության տեսանկյունից և անհրաժեշտ են երկկողմ ջանքեր այն առավել ակտիվացնելու համար: Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրեց դեսպանին փոխանցել իր ֆրանսիացի գործընկերոջը 2015 թվականին Հայաստան այցելելու հրավերը:

Նմանատիպ նյութեր