Ասմունքի հանրապետական փառատոնը` Տավուշում
Տավուշի մարզպետարանի դահլիճում անցկացվել է Ասմունքի հանրապետական փառատոն-մրցույթի 2-րդ՝ մարզային փուլը, տեղեկացնում է մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Փառատոնի նախնական փուլերին մասնակցել են 81 դպրոցների 612 աշակերտներ: Մարզային փուլին մասնակցելու համար տարբեր տարիքային խմբերում ընտրվել են 42 աշակերտ:
Այս անգամ Ասմունքի փառատոնն ամբողջությամբ նվիրվում է Հովհաննես Թումանյանի 145-ամյակին, որ նշվում է այս տարի և Ավետիք Իսահակյանի 140-ամյակին, որը կնշվի հաջորդ տարի:
Երեխաներն իրենց ընտրությամբ ներկայացնում էին 2 ստեղծագործություն մեր երկու մեծանուն բանաստեղծներից:
Ամփոփելով աշխատանքները, ժյուրին որոշեց, որ 11-14 տարիքային խմբում առաջին տեղը գրավել է Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լիլիթ Մուսայելյանը, 2-րդ տեղը՝ Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցից Եսթեր Նահապետյանը և 3-րդ տեղը՝ Կիրանցի հիմնական դպրոցից Միլենա Բաբինյանը:
15-17 տարիքային խմբում առաջին տեղը գրավեց Ասպրամ Փարսադանյանը Բերդավանի միջնակարգ դպրոցից, 2-րդը՝ Ալիկ Գյուրջինյանն էր Չինչինի միջնակարգ դպրոցից, իսկ երրորդը՝ Դիանա Մկրտչյանը Դիլիջանի ավագ դպրոցից: Բոլոր մրցանակային տեղեր գրավողները կմասնակցեն փառատոնի հանրապետական փուլին: