43803 դիտում
23:47 20-11-2014
Գեղարքունիքի մարզում 25-ամյա վարորդը BMW-ով բախվել է КамАЗ-ին. նրան և մահացած ուղևորուհուն մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 20-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 28-ամյա Էդվարդ Մարտիրոսյանի վարած КамАЗ 3212 մակնիշի 34 TS 132 hամարանիշի և Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի բնակիչ 25-ամյա Սմբատ Մուրադյանի վարած BMW մակնիշի 87 AՍ 888 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդ Ս. Մուրադյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, իսկ նրա ուղևորուհի, համագյուղացի՝ 26-ամյա Մելինա Միրզոյանը տեղում մահացել է:
Մահացածի դին և վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Տեղում է նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Վարդենիսի ոստիկանանպետ Վալերի Բաղյանի գլխավորությամբ: Վթարի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետ Գեղամ Մարգարյանն ու նույն բաժնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ Ալիկ Սուքիասյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ КамАЗ-ը ընթանալիս է եղել դեպի Վարդենիս, երբ BMW-ն, որը նույպես ընթանալիս է եղել դեպի Վարդենիս՝ բախվել է КамАЗ-ի հետնամասին և ուժեղ հարվածի հետևանքով՝ շպրտվել հանդիպակաց երթևեկելի գոտի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+