Կայացել է ՀՀ ԱԺ նախագահի եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի համատեղ մամուլի ասուլիսը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի
նախագահ Յանակիս Օմիրուն նոյեմբերի 20-ին տեղի ունեցած համատեղ ասուլիսի
ընթացքում ամփոփել են Կիպրոսի պատվիրակության այցը Հայաստան:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Յանակիս Օմիրուի գլխավորած
պատվիրակության այցին, նշել է, որ երեկ տեղի ունեցած հանդիպման ընթացքում
քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, ձեռք է
բերվել միջազգային հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների
մակարդակով միմյանց սատարելու պայմանավորվածություն: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝
հանդիպման ընթացքում անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ
տարելիցին նվիրված միջոցառումներին: Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել
Կիպրոսի պատվիրակության անդամ Վարդգես Մահտեսյանի նախաձեռնությունը, որով
նախատեսվում է 2015 թվականին թողարկել Հայոց ցեղասպանության թեմայով
հայ-կիպրական դրոշմանիշ՝ Մելքոնյան կրթական հաստատության պատկերով:
Կարեւորելով ՀՀ կատարած այցը՝ Յանակիս Օմիրուն նշել է, որ հայ եւ կիպրոսցի
ժողովուրդները միմյանց հետ կապված են անքակտելի կապերով եւ միասին անցել են
շատ փորձությունների միջով: Խոսելով Կիպրոսում տիրող իրավիճակի եւ Թուրքիայի
վարած քաղաքականության մասին՝ նա նշել է, որ Կիպրոսը դադարեցրել է
բանակցությունները:
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել է նաեւ Կիպրոսի
հայկական համայնքի ազգանպաստ գործունեությանը եւ Հայոց ցեղասպանությանը
նվիրված միջոցառումների կազմակերպմանը: Երախտագիտություն հայտնելով ՀՀ ԱԺ
նախագահին՝ Յանակիս Օմիրուն հույս է հայտնել, որ այս այցը դրական
դերակատարություն կունենա երկու ժողովուրդների հարաբերությունների խորացման
գործում:
Այնուհետեւ Գալուստ Սահակյանը եւ Յանակիս Օմիրուն պատասխանել են լրագրողներին
հետաքրքրող հարցերին: