211652_close_icon
views-count857 դիտում article-date 13:12 20-11-2014

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ելույթը՝ Սնուցման հարցերին նվիրված Միջազգային համաժողովին

Հարգելի՛ պարոն Նախագահող, տիկնայք և պարոնայք, Ողջունում եմ Ձեզ Սնուցման հարցերին նվիրված Միջազգային համաժողովին: Նախևառաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը համընդհանուր զարգացման առանցքային հարցերից մեկին` Սնուցման խնդրին նվիրված կոնֆերանսին մասնակցելու հրավերի համար: Ուրախ եմ արձանագրել, որ 1992 թվականին տեղի ունեցած Սնուցման հարցերին նվիրված միջազգային կոնֆերանսից հետո բնակչության սննդի ապահովության իրավիճակը ներկայում զգալիորեն բարելավվել է: Չնայած դրական դինամիկային` մենք դեռևս հսկայածավալ աշխատանք ունենք կատարելու սովի և թերսնման, ինչպես նաև մեր մոլորակում ապրող յուրաքանչյուր առանձին ընտանիքի և յուրաքանչյուր անհատի սննդի որակի բարելավման ուղղությամբ: Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակը պարզագույններից չէ և պահանջում է համատեղ ջանքեր վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ: Հայաստանում սննդի անվտանգության հարցերին մեծ կարևորություն է տրվում: Վերջին չորս տարիներին մեր ջանքերի շնորհիվ արձանագրվեց գյուղատնտեսական արտադրանքի միջինը 8 տոկոս աճ, որի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ կազմում է մոտ 20 տոկոս: Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվում են հիմնականում փոքր գյուղացիական տնտեսությունները, որոնք ստեղծվել են հանրապետության անկախացումից հետո` սեփականաշնորհման արդյունքում: Այդ իսկ պատճառով գյուղատնտեսության ոլորտը համարվում է երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության կարևոր բաղկացուցիչը: Հայաստանը քայլեր է ձեռնարկում նաև սննդամթերքի արտադրության ծավալների ավելացման ու որակի բարձրացման ուղղությամբ, և այդ հարցում հասել է զգալի հաջողությունների: Հաշվի առնելով մեծաթիվ փոքր տնտեսությունների առկայությունը` մեծ ուշադրություն է դարձվում կոոպերացիաների ստեղծմանը, որի արդյունքում կսկսի զարգանալ արդյունաբերական գյուղատնտեսությունը: Կառավարությունն աջակցում է ենթակառուցվածքների զարգացմանը և իրականացնում է մի շարք նպատակային ծրագրեր` ուղղված հեռավոր, սահմանամերձ և բարձրլեռնային տարածքների սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հաջողությամբ իրականացվում են միջոցառումներ հացահատիկային մշակաբույսերի արտադրության ավելացման ուղղությամբ, ինչը թույլ կտա էականորեն բարձրացնել երկրի` ցորենի ինքնաբավության մակարդակը: Ընթացիկ տարում հանրապետությունում սննդամթերքի կարևոր տարատեսակների ինքնաբավության մակարդակը բարձրացել է, և մենք նախատեսում ենք 2017 թվականին այդ ցուցանիշը հասցնել 80 տոկոսի: Վերջին մի քանի տարիներին Նախարարությունը ջանքերն ուղղել է նոր տեխնոլոգիաների ներդրմանը` արտադրողականության ավելացման և եղանակային ռիսկերի նվազեցման նպատակով: Լավագույն միջազգային փորձի ուսումնասիրության միջոցով մենք խնդիր ենք դրել և իրականացնում ենք ծրագրեր այգեգործության և անասնաբուծության ճյուղերի արտադրողականության ավելացման ուղղությամբ`էքստենսիվ և ինտենսիվ մեթոդների կիրառության միջոցով: Կուզենայի ընդգծել նաև պարենի անվտանգության բարելավման ոլորտում իրականացված աշխատանքները, ինչը կապահովի տեղական բնակչությանը անվտանգ և որակյալ արտադրանքով, ինչպես նաև կխթանի արտահանման ծավալների աճը: Նշված միջոցառումների իրականացման գործում կուզենայի հատուկ շեշտել ՊԳԿ-ի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության դերը: Կարևոր է նշել, որ առավել արդյունավետ համատեղ աշխատանքի նպատակով 2012 թվականին ստորագրվեց «Երկրի ծրագրային առաջնահերթությունների շրջանակը 2012-2015թթ.» փաստաթուղթը, որը հնարավորություն է տալիս հասնել ռազմավարական նպատակներին, որոնք նախատեսված են ՄԱԿ-ի աջակցության ծրագրերով և նպաստում են դրանց իրականացմանը: Մենք արդեն իսկ աշխատում ենք մի քանի նոր ծրագրերի վրա և հույս ունենք, որ դրանց իրականացումը կնպաստի, որպեսզի մենք հասնենք այս կոնֆերանսի նպատակներին: Շնորհակալություն եմ հայտնում ուշադրության համար և մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանք կոնֆերանսի շրջանակում:

Նմանատիպ նյութեր