211652_close_icon
views-count627 դիտում article-date 16:08 18-11-2014

Օմբուդսմենը և Քննչական կոմիտեի նախագահը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր ստորագրեցին մարդու իրավունքների և ազատությունների պահպանման ոլորտում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր: «Այս փաստաթուղթը հնարավորություն կտա միասին խորհելու, թե ինչպես կարելի է անել, որ ավելի արդյունավետ դառնան նախաքննության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության գործընթացները, և եթե այդ ուղղությամբ կան որոշակի դիմումներ, բողոքներ, գանգատներ, մենք կարողանանք համատեղ օրինական կարգով ընթացք տալ»,- ասաց Աղվան Հովսեփյանը: «Մենք այսօր այստեղ ենք այն հույսով, որ այս Փոխըմբռնման հուշագիրը լինելու է իսկապես գործուն, իսկապես աշխատանք է կատարվելու: Միաժամանակ նշեմ, որ մեր դիմումատուների համար մենք շարունակելու ենք երաշխավորել օրենքով պարտադիր գաղտնիության պայմանները, այսինքն՝ մեր համագործակցությունը երբեք չի լինելու ի վնաս որևէ քաղաքացու»,- իր հերթին նշեց Կարեն Անդրեասյանը: Ստորագրված փաստաթղթով նախանշվել են հստակ կառուցակարգեր՝ մարդու իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնումն ապահովելու նպատակով։ Մասնավորապես՝ Մարդու իրավունքների պաշտպանը և Քննչական կոմիտեն համաձայնել են կազմակերպել քաղաքացիների դիմում-բողոքների ուսումնասիրության ընթացքում ի հայտ եկած խնդիրների համատեղ քննարկումներ, յուրաքանչյուր տարվա արդյունքներով անցկացնել խորհրդակցություններ։ Հուշագրի համաձայն՝ Օմբուդսմենը քննչական կոմիտեին միջնորդում է քննարկել վերջինիս իրավասությանը վերաբերող մարդու իրավունքների և ազատությունների խախտման դեպքերը, մարդու իրավունքների և ազատությունների խախտումների վերաբերյալ ամենամյա կամ հատուկ զեկույցի մշակման ընթացքում հաշվի է առնում Քննչական կոմիտեի առաջարկություններն ու նկատառումները: Իսկ Քննչական կոմիտեն իր իրավասության շրջանակում Օմբուդսմենի աշխատակազմից օրենքով սահմանված կարգով և պայմաններով տեղեկատվություն է հայցում մարդու իրավունքների և ազատությունների խախտումների փաստերի վերաբերյալ, այդ փաստերի մասին ամենամյա կամ հատուկ զեկույցի մշակման ընթացքում առաջարկություններ է ներկայացնում հիշյալ խախտումների նախականխման և վերացման ուղղությամբ, առաջարկ է ներկայացնում Օմբուդսմենին դիմել Սահմանադրական դատարան՝ Քննչական կոմիտեի ծառայողների կողմից կիրառման ենթակա նորմատիվ ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով։ Կողմերը պայմանավորվել են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կհրավիրվի մասնակցելու ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի նիստերին՝ օրակարգում ընդգրկված` մարդու իրավունքների խախտումներին վերաբերող հարցերի կապակցությամբ, կապահովվի Մարդու իրավունքների պաշտպանի հարցումների համակողմանի քննարկումն ու պատճառաբանված պատասխանի տրամադրումը:

Նմանատիպ նյութեր