211652_close_icon
views-count726 դիտում article-date 18:05 01-02-2023

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին։ Կողմերի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրն արտացոլելու է փոխադարձ շփումներն ակտիվացնելու կողմերի պատրաստակամությունը, վարչական փոխօգնության տարբեր տեսակների նկատմամբ մշակված համատեղ մոտեցումները։ 

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համար անդրսահմանային ֆինանսատնտեսական իրավախախտումների դեմ պայքարի ակտիվացումը եղել և մնում է իրականացվող բարեփոխումների առաջնահերթ ուղղություններից մեկը։

Կոմիտեի նախագահը շեշտել է, որ վերջին տարիներին բեկում է գրանցվել Հայաստանում վարչական գործընթացների ավտոմատացման և թվայնացման գործում, ինչը թույլ է տալիս ներդնել օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության նոր մոտեցումներ և մեխանիզմներ: 

«ՀՀ կառավարությունը կարևորում է Վրաստանի հետ տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը` հիմնված մեր ժողովուրդների միջև փոխադարձ շփումների և բարեկամության պատմական ավանդույթների վրա։ Ցանկանում եմ կարևորել հայ-վրացական փոխըմբռնումն ու փոխգործակցությունը, որը ձևավորվել է երկար տարիների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավասության ներքո գտնվող բոլոր ոլորտներում»,- նշել է Ռուստամ Բադասյանը: 

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին ընդգծել է փոխըմբռնման հուշագրի կարևորությունը երկու երկրների ֆինանսական հետաքննության ծառայությունների ներկայացուցիչների միջև ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գործում. «Երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում, երբ առևտրաշրջանառությունն աստիճանաբար աճում է, զուգահեռաբար աճում է նաև տնտեսական հանցագործությունների կատարման ռիսկը։ Հուսով եմ, որ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կգործադրեն բոլոր ջանքերը բարելավելու հաջող և արդյունավետ համագործակցությունը հուշագրով նախատեսված բոլոր առանցքային ուղղություններով»,- նշել է Սոսո Ռամիշվիլին: 

Հայաստանի և Վրաստանի ֆինանսական հետաքննության մարմիններն իրենց փոխգործակցությունը ակտիվացրել են ՊԵԿ ՀՕՀՎ պետ Վահան Չարխիֆալակյանի գլխավորած պատվիրակության Թբիլիսի կատարած այցի ժամանակ` 2022թ-ի դեկտեմբերին:

Վրաստանում կողմերը անդրադարձել էին անդրսահմանային հարկային հանցավորության դեպ պայքարում փոխադարձ համագործակցության հրատապ հարցերին և ձեռք էին բերել փոխգործակցության ակտիվացմանն ուղղված մի շարք պայմանավորվածություններ։ Վրացական կողմի ներկայիս պատասխան այցը Երևան կոչված է անձանագրելու պայմանավորվածությունների կատարման ընթացքը և առաջին ձեռքբերումները։

 ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 

Նմանատիպ նյութեր