211652_close_icon
views-count1253 դիտում article-date 09:22 16-11-2014

«Հայաստան. Քարերի գաղտնիքը» խորագրով ցուցահանդես Բրատիսլավայում

Սլովակիայի մշակույթի նախարարության ցուցասրահում տեղի ունեցավ «Հայաստան. քարերի գաղտնիքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսը նախապատրաստվել է Հայաստանի և Սլովակիայի մշակույթի նախարարությունների ու Սլովակիայում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով: Ցուցանմուշների շարքում էին Զ.Սարգսյանի, Գ.Եղոյանի, Կ.Թոխաթյանի, Է.Սեդրակյանի, Ա.Գրիգորյանի հեղինակած՝ Էջմիածնի Մայր տաճարի և այլ եկեղեցիների, Արենիի վանական համալիրի և Աստծո հարթաքանդակի, Գեղարդի, Հաղարծինի, Հաղպատ-Սանահինի, ժայռապատկերների, խաչքարերի, ժամանակակից ճարտարապետական կոթողների և բազմաթիվ այլ հուշարձանների լուսանկարներ: Բացման խոսքով հանդես եկան Սլովակիայի մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլիա Կրժիկովան և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Դեսպանն իր ելույթում մասնավորապես նշեց, որ Հայաստանի պատմությունը գրվել է ոչ միայն գրքերում, այլև կերտվել քարից և քարի վրա: Հաջորդ տարի ողջ քաղաքակիրթ մարդկությունը նշելու է 2004թ. Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից ճանաչված և դատապարտված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: 20-րդ դարի առաջին ցեղասպանության հիշողությունները նույնպես մարմնավորվել են քարով: Դրանցից մեկը՝ Սիրիայի Դեր-Զորի Սրբոց Նահատակած եկեղեցին, վերջերս հիմնովին ավիրվեց «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից: Դեսպանը հիշեցրեց, որ 2000-2005թթ. Ջուղայում ադրբեջանցի զիվորները հազարավոր հայկական խաչքարեր են ոչնչացրել: Այնուհետև ցուցահանդեսի հանձնակատար՝ Հայաստանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, պրոֆեսոր Աշոտ Հայկազուն Գրիգորյանը բազմաթիվ ներկաներին մանրամասն պատմեց ցուցադրության գաղափարի և առանձին ցուցանմուշների մասին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, մշակույթի, գիտության և արվեստի գործիչներ, սլովակ պաշտոնյաներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Սլովակյան կողմից ցուցահանդեսի համակարգողն էր մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության խորհրդական Լյուդմիլա Պալոնդերովան։ Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 28-ը:

Նմանատիպ նյութեր