Ֆլանդրիական գոբելենը վերականգնվել է և ներկայացվում է Հայաստանի ազգային պատկերասրահում
Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի մաս կազմող 15-18-րդ դդ. թվագրվող ալեգորիկ պատկերով ֆլանդրիական անհայտ վարպետի կողմից ստեղծված գոբելենը պատկերասրահի հավաքածուում ընդգրկվել է 1930 թվականին, Պետական Էրմիտաժից (Սանկտ Պետերբուրգ): Գոբելենի մակերեսը տարիների ընթացքում երկարատև օգտագործման հետևանքով ամբողջովին մաշվել և կեղտոտվել էր, այն ուներ խոնավության, ինչպես նաև վերականգնման և ամրակայման անհաջող փորձերի հետքեր, վնասված ու պատռված հատվածներ, ինչի հետևանքով խիստ քայքայվել էր և ուներ վերականգնման կարիք։
ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ` 2014 թվականին գոբելենը վերականգնվել է Փարիզում։ Վերականգնման աշխատանքներն իրականացրել է «Մոբիոժ Տապի» ընկերությունը, արդյունքում՝ նշված խնդիրները վերացվել են, ցուցանմուշը վերականգնվել և կոնսերվացվել է:
Այս կարևոր նախաձեռնության հովանավորներն են Մուշեղ Չալոյանը և «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությունը։
Վերականգնված գոբելենը հանրությանը ներկայացվել է ս. թ. նոյեմբերի 5-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում: