211652_close_icon
views-count934 դիտում article-date 11:32 04-11-2014

Էդուարդ Իսաբեկյանի ստեղծագործական ժառանգությունը կներկայացվի հոբելյանական ցուցահանդեսում

Ս. թ. նոյեմբերի 7-ին, ժամը 15:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ընդգրկվել են արվեստագետի երկարամյա և բեղմնավոր ստեղծագործական ժառանգությունը` տարբեր տարիների գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ: Աշխատանքների զգալի մասը արվեստասեր հանրությանը ներկայացվում է առաջին անգամ, այդ թվում` վերջին տարիների գրաֆիկական թերթերը: Ցուցահանդեսի առթիվ հայերեն ու անգլերեն լեզուներով հրատարակվել է Էդուարդ Իսաբեկյանի ստեղծագործությունների պատկերագիրքը: Էդուարդ Հմայակի Իսաբեկյանը մեր ժամանակների վաստակաշատ արվեստագետներից է, ում բազմաժանր ստեղծագործական ժառանգությունն իր ուրույն տեղն ունի արդի հայ կերպարվեստում: Հայաստանի ժողովրդական նկարիչ /1963 թ./, Պետական մրցանակի դափնեկիր /1985 թ./, պատվավոր այլ պարգևների ու տիտղոսների արժանացած արվեստագետի ստեղծագործական հետաքրքրությունները լայն ընդգրկում ունեն. նա ստեղծել է թեմատիկ կոմպոզիցիոն գործեր, բնանկարներ, դիմանկարներ, կատարել է գրքերի նկարազարդումներ` Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» /1955 թ./, Սերո Խանզադյանի «Մխիթար սպարապետ» /1963 թ./, Դերենիկ Դեմիճյանի «Վարդանանք», որոնցում յուրովի անդրադարձել է իր ապրած ժամանակաշրջանին հուզող տարաբնույթ խնդիրներին: Է. Իսաբեկյանի արվեստում հայրենիքի կերպավորումը էպիկական, կոթողային մեկնաբանություն ունի, ինչը հատկանշական է արդեն վաղ շրջանի գործերին, որոնցից են թանգարանում պահվող «Տաթև» /1953 թ./, «Հորովել. Լեռնային վար» /1954 թ./, «Պատանի Դավիթը» /1956 թ./ նկարները: Հայկական լեռնաշխարհի յուրահատուկ գրավչության, մարդու ու բնության միասնության, մարդկային ուժի ու գեղեցկության անհատական ընկալումն ու մեկնաբանումը շաղախված է հիացմունքի ու հպարտության զգացումով: Նկարչի նախասիրած ժանրերից է դիմանկարը, որով զբաղվել է ամբողջ կյանքում. հայ ռեալիստական դիմանկարչության լավագույն գործերից են` ազգային ոգու ու անհատական ապրումների շեշտադրումով: Է. Իսաբեկյանը կարևոր ներդրում ունի հայ արվեստում պատմանկարչության զարգացման գործում: Այս ժանրի նշանավոր կտավներից են «Հաղպատի գյուղացիների ապստամբությունը» /1955 թ./, «Դավիթ բեկ», «Արտավազդ և Կլեոպատրա» /1966 թ./, «Ավարայրի ճակատամարտը» /1983 թ./ և «Պատասխան Հազկերտին» /1947 թ./, որոնք ուշագրավ են պատմական դարաշրջանի խոր զգացողությամբ, հետաքրքիր կոմպոզիցիոն կառուցվածքով և արդիական հնչեղությամբ: Նկարիչը դիմելով հայ ժողովրդի կյանքի կարևոր ու վճռորոշ իրադարձություններին` արծարծում է բոլոր ժամանակների համար արդիական թեմաներ, որոնց առանցքում մարդկային վեհ ու ազնիվ ձգտումներն են, սերն ու նվիրումը երկրին ու մարդուն: Այս շարքի մեջ առանձնանում է հայ պատմանկարչության լավագույն ստեղծագործություններից մեկը` «Պատասխան Հազկերտին» մեծակտավ աշխատանքը, որտեղ ընդհանրացվում են նկարչի կողմից տարբեր ժամանկներում արծածված գաղափարական ու գեղարվեստական խնդիրները:

Նմանատիպ նյութեր