211652_close_icon
views-count922 դիտում article-date 18:36 31-10-2014

Արսեն Ջուլֆալակյանը պարգևատրվել է ԵՊՀ հուշամեդալով

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն հռչակված Արսեն Ջուլֆալակյանն այսօր հարազատ ֆակուլտետի հյուրն էր: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ Արսեն Ջուլֆալակյանն այս անգամ համալսարան էր եկել ոչ թե որպես սովորող, այլ որպես մարզիկ, ում պարզապես շնորհակալություն էին հայտնում հաղթանակով վերադառնալու համար: «Արսենն առաջին կուրսից աչքի է ընկել իր ուսումնատենչությամբ: Մարզումներն ու մրցումները, ինչ խոսք, դժվարին ու ծանր են եղել, սակայն նա բարեխղճորեն մասնակցել է բոլոր դասերին եւ քննություններին միշտ պատրաստ ներկայացել: Հիշում եմ՝ Եվրոպայի առաջնությունում հաղթած Արսենը եկավ քննություն հանձնելու, ես ասացի, որ իր ամենամեծ քննությունն արդեն հանձնել է, իսկ նա պնդեց եւ գերազանց պատասխանեց հարցատոմսի բոլոր հարցերին»,- չեմպիոնի հետ հանդիպման ընթացքում նշեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը: Արսեն Ջուլֆալակյանը մեկ անգամ արդեն հասցրել է ԵՊՀ ոսկե մեդալով պարգեւատրվել. դա 2009 թ-նն էր, երբ նա նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Իսկ այս անգամ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նրան հանձնեց հուշամեդալ, որը սովորաբար շնորհվում է ակնառու հաջողությունների հասած անհատներն: Նա ԵՊՀ-ում առաջին սովորողն է, ով ստացավ այդ մեդալը: «Ես հպարտ եմ որպես ռեկտոր, որպես մանկավարժ, որպես հայ մարդ, որ մենք Արսենի նման երիտասարդ ունենք: Աշխարհում ձեւավորված թյուր կարծիք կա, որ հատկապես սպորտի բնագավառում հաջողության հասած մարդիկ բավարարվում են միայն դրանով եւ իրենց ունակություններն այնքան են ուղղում սպորտին, որ այլեւս բան չի մնում ստեղծագործական այլ բարձունքների հասնելու համար: Արսենն այն եզակիներից է, ով գալիս է հերքելու այդ տեսակետը: Նա իր կամքի շնորհիվ է հասել հաջողությունների եւ՛ կրթության, եւ՛ սպորտի բնագավառներում՝ ոչ մեկից ոչինչ չխնդրելով»,- նշեց պարոն Սիմոնյանը: Հանդիպման ընթացքում Արսենի՝ կրթության ոլորտում հասած հաջողությունների մասին խոսեցին նաեւ նրա դասախոսները: Ի դեպ, այժմ նա գրում է իր թեկնածուական ատենախոսությունը, որը նվիրված է թուրք-սիրիական հարաբերություններին (1991-2001 թթ.): Նրա դասախոսներն էլ հուսով եւ վստահ են, որ մարզական կարիերան ավարտելուց հետո նա անպայման կանցնի դիվանագիտական աշխատանքի: «Ուրախ եմ, որ այստեղ ներկա են մարդիկ, որոնց հետ ես անցել եմ իմ ուղին, նրանք այդ ամենի վկան են: Այսօր կրկնակի ուրախ եմ, որ արդեն աշխարհի չեմպիոնի կարգավիճակում եմ պարգեւ ստանում: Վստահեցնում եմ, որ այս պարգեւներն ինձ համար նույնքան կարեւոր են, որքան սպորտայինները: Թեպետ դրանք իրարից շատ տարբեր ոլորտներ են, բայց երկուսում էլ հաջողության են հասնում աշխատասիրության եւ կամքի շնորհիվ»,- շնորհակալություն հայտնելով ստացած պարգեւի համար՝ ասաց Արսեն Ջուլֆալակյանը: Աշխարհի չեմպիոնի համալսարանական հանդիպման ժամանակ նրան ուղեկցում էր նաեւ ընտանիքը՝ հայրը, մայրը, կինը եւ եղբայրը: Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանն ասում է, որ հուզվելու ու ուրախանալու առիթներ շատ է ունեցել, բայց այսօր առանձնակի հպարտություն է զգում, երբ որդուն նրա կատարած աշխատանքի համար գովաբանում են լուրջ մարդիկ: «Ցանկացած ծնող կարող է իրեն երջանիկ համարել, եթե իր զավակներով հպարտանալու առիթ ունի: Իմ երկու որդիներն էլ ավարտել են մեր պետական համալսարանը: Շնորհակալ եմ դասախոսներին տված գիտելիքների համար, որոնցով նրանք այս բարդ աշխարհում կկարողանան հաջողությունների հասնել»,- հավելեց չեմպիոնի չեմպիոն հայրը: Նշենք, որ ԵՊՀ հուշամեդալից բացի՝ նա համալսարանից որպես նվեր նաեւ գրքեր ստացավ:

Նմանատիպ նյութեր