211652_close_icon
views-count1435 դիտում article-date 16:19 28-10-2014

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն` ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին: Կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի, նախարարության Ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանի մասնակցությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին բուժական և շինարարական մի շարք հարցեր: Անդրադարձ կատարվեց նաև տեխնիկական և կազմակերպական խնդիրներին, շինարարության ժամկետներին: «Մանկական արյունաբանական ծառայությունը, մանկական ուռուցքաբանությունը մեր երկրի գերակա ուղղություններից են»,- ասաց Արմեն Մուրադյանը` հանձնարարելով նախարարության ներկայացուցիչներին պարբերաբար այցելել շինհրապարակ, հետևել աշխատանքների պատշաճ որակի և ժամկետների ապահովմանը: Երևանի պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնն արդիականացվում է, ինչպես նաև ոսկրածուծի և ցողունային բջիջների փոխպատվաստման և բարձր դեղաչափային քիմիաթերապիայի բաժանմունք է ստեղծվում «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում» և «Հիվանդությունների կանխարգելում և կառավարում» ծրագրի շրջանակում: Երկհարկանի ախտորոշիչ մասնաշենքի տեղում կառուցվող եռահարկ մասնաշենքում կտեղակայվի միջազգային չափանիշներին համապատասխանող ցողունային բջիջների պատրաստման և սառեցման լաբորատորիան, որը կբավարարի ISO և GMP չափորոշիչների պահանջներին: Ներկայումս կառուցվում է եռահարկ նոր մասնաշենքը և հիմնանորոգվում կենտրոնի յոթ հարկանի բուժական մասնաշենքը։ Արդեն իրականացվել է շինարարական աշխատանքների ավելի քան 25%-ը: Ծրագրով նախատեսված է նաև բժշկական անձնակազմի կրթում` միջազգային և տեղի մասնագետների կողմից, ինչպես նաև բուժման ուղեցույցերի մշակում: Հավելենք, որ ՀՀ-ում արյունաբանական և ուռուցքաբանական բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման նպատակով միջազգային ցուցանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը 2014թ. ՀՀ կառավարության սահմանած գերակա ուղղություններից է:

Նմանատիպ նյութեր