211652_close_icon
views-count1091 դիտում article-date 16:24 18-10-2014

ՊՆ-ում ամփոփվել են ամենամյա հավաք-պարապմունքները

ՀՀ զինված ուժերի 2014 թվականի պատրաստության պլանի համաձայն` հոկտեմբերի 13-18-ը անցկացվել են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների պաշտոնատար անձանց հավաք-պարապմունքները: Վեցօրյա հավաք-պարապմունքների շրջանակներում դասախոսություններով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, պաշտպանության նախարարության, այնպես էլ պետական այլ կառույցների ներկայացուցիչներ: Հավաքին մասնակից պաշտոնատար անձանց ներկայացվել են ռազմաքաղաքական որոշումների մշակման մեթոդիկային ու իրավիճակի գնահատմանը, պատերազմների բնույթին, զորահավաքային խնդիրներին առնչվող շուրջ երկու տասնյակ դասախոսություներ: Հոկտեմբերի 15-ին մեկնարկել է հավաք-պարապմունքների գործնական փուլը, որի ընթացքում նախարարությունների, գերատեսչությունների ու մարզպետարանների համապատասխան պաշտոնատար անձինք, բաժանվելով առանձին թիմերի` իբրև քաղաքացիական պաշտպանության ճգնաժամային մարմիններ, ձեռնամուխ են եղել առաջադրված ուսումնական խնդիրների կատարմանն ու համապատասխան որոշումների կայացմանը: Անցկացված ռազմական պետական խաղերի նպատակն էր հավաքին մասնակից պաշտոնատար անձանց հմտություններ հաղորդել ռազմաքաղաքական իրավիճակը գնահատելու, ըստ իրավիճակի` համապատասխան եզրակացություններ մշակելու և առաջարկությունների նախապատրաստելու հարցերով: Նույն օրը տեղի է ունեցել նաև քննարկումների և դրանց արդյունքում ընդունված որոշումների ու առաջարկությունների ամփոփումը: Ուսումնական խմբերի կատարած աշխատանքի, ինչպես նաև լրացուցիչ հարցաշարերի միջոցով անցկացված ստուգարքի արդյունքում վերհանվել է հավաքներին մասնակից պետական պաշտոնատար անձանց պատրաստականությունը, գնահատական է տրվել նրանց` որպես ճգնաժամային կառավարման մարմինների կողմից ընդունված որոշումներին: Հոկտեմբերի 17-ին հավաք-պարապմունքների մասնակիցները ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում ծանոթացել են սպառազինության տեխնիկական բնութագրերին, իրենց ուժերն են փորձել հրաձգային զենքի կիրառմամբ ուսումնական թիրախների խոցման և նռնականետման վարժություններում: Հավաք-պարապմունքների վերջին օրը` սեպտեմբերի 18-ին, մասնակիցների համար դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ով ներկայացրել է զինված ուժերի զարգացման հեռանկարները: Դասախոսության ավարտին ամփոփելով հավաք-պարապմունքների արդյունքները, Յուրի Խաչատուրովը ընդհանուր առմամբ բարձր է գնահատել մասնակիցների պատրաստականությունը, նկատել է, որ հավաքների ընդգրկուն և հագեցած ծրագրի շնորհիվ տարեցտարի բարձրանում է միջգերատեսչական փոխգործակցության արդյունավետությունը` միտված պատերազմական իրավիճակում պետական կառույցների գործողությունների ներդաշնակմանը և համատեղ իրականացմանը:

Նմանատիպ նյութեր