211652_close_icon
views-count823 դիտում article-date 14:29 16-10-2014

Կառավարությունը թեթևացնում է սահմանամերձ համայնքի հոգսը

Փոփոխություն կատարելով իր նախկին որոշման մեջ, կառավարությունը Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր համայնքն ընդգրկել է մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող համայքների ցանկի մեջ, հողի հարկի վճարման և ոռոգման ջրի դիմաց 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով լրացուցիչ այդ համայնքի համար հատկացնելով շուրջ 3 մլն 257 հազար դրամ: Կառավարությունը Շիրակի մարզի Գեղանիստ գյուղական համայնքին նվիրաբերել է 0.72 հա մակերեսով հողատարածք՝ մանկապարտեզ և մարզադահլիճ կառուցելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ ավազակոպճային խառնուրդի հանքավայրը հատկացվել է Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց համայնքին, ինչը հնարավորություն կտա համայնքի վարչական տարածքում գտնվող հողատարածքն օգտագործել նպատակային: Փախստականների բնակարանային ապահովման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով կառավարությունը հստակեցրել է իրավական ակտերում կիրառվող կացարան/հանրակացարան եզրույթների սահմանումները, փոփոխություններ և լրացումներ կատարելով նախկինում ընդունված մի շարք որոշումներում: ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի կողմից զբաղեցրած շենք-շինությունների և հողատարածքների նկատմամբ պետական գրանցում իրականացնելու նպատակով կառավարությունը Պետական գույքի կառավարման վարչությանը գումար է հատկացրել չափագրման աշխատանքներն ավարտին հասցնելու համար, «Վիքիմիեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությանը և «Սատար» հաշմանդամների ՀԿ-ին տարածք տրամադրելու թույլտվություն տվել: Մեկ այլ որոշմամբ «Աշտարակ ՃՇՇ» ՊՓԲԸ-ի լուծարումից հետո մնացած անշարժ գույքը թույլատրվել է ներկայացնել մասնավորեցման՝ դասական աճուրդով, իսկ «Ընդերքաբան» ԲԲԸ-ի գույքը թույլատրել է մասնակի հատուցմամբ օտարել, սեփականության իրավունքով անհատույց բնակարաններ հատկացնելով բնակիչներին: Կառավարությունը պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրել է կառավարչական հիմնարկին մի շարք պետական ընկերությունների լուծարման արդյունքում ամրացված գույքը օտարել, ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին թույլատրել է Երևանի թիվ 60 դպրոցի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման գնման գործընթացը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարման հիմքով:

Նմանատիպ նյութեր