12170 դիտում
22:48 13-06-2018
«Հարկավոր է համատեղ աշխատանքով գտնել բոլոր հարցերի արդյունավետ լուծումները: Ցանկացած համայնքի հոգսը ես համարում եմ մարզպետի առօրյա հոգսը».Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը եղավ Սևանի քաղաքապետարանում, հանդիպում ունեցավ Սևանի տարածաշրջանի ՍԱՏԳ – աշխատակիցների հետ:
Մարզպետը գործակալության աշխատակցին անձամբ փոխանցեց բնակիչների կողմից բարձրացված դժգոհությունը, որի շուրջ կծավալվի լուրջ քննարկում:
Սևանի քաղաքապետարանի շենքում մարզպետ Իշխան Սաղաթելյանը հանդիպում և խորհրդակցություն անցկացրեց Սևանի տարածքի դպրոցների տնօրենների և համայնքների ղեկավարների հետ:
Դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը մարզպետը կարևորեց կրթական հաստատությունների ապաքաղաքականացումը, դրամահավաքների բացառումը, պաշտոնական դիրքի չարաշահումներից զերծ մնալը, կրթական որակի ապահովումն ու բարձրացումը, դպրոցաշինական խնդիրների կարգավորումը:
«Կրթության ոլորտը լինելու է իմ գործունեության առաջնահերթություններից մեկը:
Մենք պետք է դառնանք զարգացած պետություն, և դրա հիմքերը մենք պետք է դնենք դպրոցից՝ ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ բարձրացնելով թե՛ դպրոցի, թե՛ մանկավարժի ու թե՛ կրթության դերը: Այսուհետ դպրոցի տնօրենի համար պետք է նշանակություն չունենա, թե ով է իր մարզպետը և ինչ կուսակցության է նա պատկանում: Նա պետք է մտահոգվի միայն հաստատության կրթական և արդյունավետ կառավարման խնդիրներով՝ բացառելով դրամահավաքները, պաշտոնական դիրքի չարաշահումները, նկատվող արատավոր այլ երևույթներ: Նա պետք է մտահոգվի, եթե իր ընտանիքի անդամները կամ հարազատներն իր ղեկավարած դպրոցում զբաղեցնում են ձևական կամ ոչ նպատակային հաստիքներ, և եթե նման դեպքեր կան, ապա պետք է անմիջապես ուղղել թույլ տրված սխալներն ու խախտումները: Դպրոցի տնօրենի կամ մանկավարժների մրցույթները պետք է լինեն հնարավորինս թափանցիկ ու հրապարակային, մաքուր ու արդար, որի ժամանակ նախապատվությունը կտրվի մանկավարժի պատիվն ու անունը միշտ բարձր պահող բանիմաց ու զարգացած մասնագետներին: Դպրոցներում առաջացած խնայողություններն պետք է ուղղվեն կամ դպրոցաշինական խնդիրների լուծմանը, կամ՝ աշխատավարձերի բարձրացմանը՝ ըստ տեղերից ներկայացված կարիքների: Անկախ մեր անձնական հարաբերություններից՝ լինելու եմ պահանջկոտ, հետևողական, օրինախախտումները չհանդուրժող»,-դպրոցների տնօրեններին դիմեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
Այնուհետ մարզպետը լսեց դպրոցների տնօրենների կողմից բարձրացված խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին դպրոցաշինական և կազմակերպչական խնդիրներին, հաստիքային միավորների պահպանման, բուժսպասարկման ապահովման, մանկավարժական թափուր տեղերի համալրման հետ կապված հարցերին:
,,Մենք մանրամասնորեն քննության կառնենք այստեղ բարձրացված բոլոր հիմնահարցերը: Եթե դրանք կարգավորելու համար բավարար կլինեն տնտեսված միջոցները, ապա կօգտագործենք այդ հնարավորությունը, իսկ եթե դրանց լուծումը կպահանջի ավելի մեծ միջոցներ, կփորձենք կառավարության կամ այլ միջոցների հաշվին համապատասխան ծրագրեր իրականացնել: Դուք պետք է բարձր հիմքերի վրա դնեք նաև համագործակցություն տեղական ինքնակառավարման մարմինների հետ,,-հանդիպումն ամփոփեց մարզպետը:
Սևանի տարածքի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը Իշխան Սաղաթելյանը կարևորեց տեղական բյուջեների սեփական եկամուտների ամբողջական հավաքագրումը, պետության կողմից պարտադիր և պատվիրակված լիազորությունների կատարումը, համայնքապետարանների աշխատակազմերում պահվող անարդյունավետ հաստիքները նպատակային հաստիքներով փոխարինելը, աղբահանության կազմակերպումը, թափանցիկ ու հրապարակային գործունեության ապահովումը, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի կազմման և համապատասխան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ նկատելի քայլեր ձեռնարկելը:
«Մենք Սևան քաղաքում և տարածքի գյուղական համայնքներում ունենք բավականին կայուն ու բարենպաստ իրավիճակ՝ ի տարբերություն սահմանամերձ համայնքներում տիրող իրավիճակի: Սա առավելություն է, որը դուք պետք է զարգացնեք հետևողական ու համագործակցված աշխատանքի արդյունքում:
Այդ նպատակով էլ ձեզ հորդորում եմ՝ լուրջ ուշադրություն դարձնել սեփական եկամուտների ամբողջական հավաքագրման, պետության կողմից սահմանված պարտադիր և պատվիրակված լիազորոթյունների անթերի կատարման, հրապարակային ու թափանցիկ աշխատանքների կազմակերպման, աղբահանության կարգավորման, գոյացած միջոցների արդյունավետ ծախսման, ոչ նպատակային հաստիքային միավորների պահպանման բացառման , գոյացած միջոցների արդյունավետ ծախսման, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի կազմման ու համարժեք ներդրումների ներգրավման ուղղություններում: Մենք շատ համայնքներ ունենք, որտեղ պահվում են ձևական կամ աննպատակ հաստիքներ, իսկ փոխարենն անտեսված է անասնաբույժի շատ կարևոր հաստիքը:
Հարկավոր է համատեղ աշխատանքով գտնել բոլոր հարցերի արդյունավետ լուծումները: Ցանկացած համայնքի հոգսը ես համարում եմ մարզպետի առօրյա հոգսը»-համայնքների ղեկավարներին դիմեց մարզպետը:
Իշխան Սաղաթելյանը, մարզի զարգացման գերակա ուղղությունները համարելով գյուղատնտեսությունն ու տուրիզմը, առաջարկեց համայնքների ղեկավարներին՝ առավել մեծ ուշադրություն սևեռել այս ոլորտների զարգացմանը:
«Գյուղատնտեսությունը և տուրիզմը մեզանում զարգացման հիանալի հնարավորություններ և հեռանկարներ ունեն: Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի մեր մարզում գյուղացին ամրապնդվի իր հողի վրա, բարձրանա ու կայուն զարգացման հիմքերի վրա դրվի մեր գյուղատնտեսությունը, տուրիզմի զարգացման համար լիարժեք օգտագործվեն մեր գրավչությունները, ինչի համար հարկավոր կլինեն մեծածավալ ներդրումներ: Դրա համար անհրաժեշտ է տեղերից մշակել և ներկայացնել գյուղատնտեսությանն ու տուրիզմին վերաբերող այնպիսի իրատեսական ծրագրեր, որոնք պահանջված կլինեն ներդրողների համար:
Պարզապես այստեղ հարկավոր է ներդնել աշխատասիրություն, համարժեք ջանքեր ու հանրօգուտ նպատակներ:
Այդ ծրագրերն ու ներդրումները, համոզված եմ, մեզ համար կստեղծեն կայուն աշխատատեղեր: Սևանում ես նկատում եմ նաև առողջ մրցակցություն համայնքերի միջև, ինչը հույս է տալիս կարծելու, որ առաջիկայում կունենանք նաև շոշափելի ձեռքբերումներ հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում,,-հանդիպումն ամփոփեց Գեղարքունիքի մարզպետը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+