211652_close_icon
views-count639 դիտում article-date 13:24 16-10-2014

Աջակցություն են ստանում հերթական ներդրումային ծրագրերը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 2014թ. հոկտեմբերի 15-ի «2014 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» թիվ ՆՀ-544-Ն հրամանագրի՝ ՀՀ կառավարությունը որոշել է ձմեռային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, աշխատանքների համակարգման նպատակով՝ մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողովներ, հաստատել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը: ՀՀ պաշտպանության նախարարին, ՀՀ նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ: Գործադիրը հավանություն է տվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի համաձայն ներկայացվող ՀՀ երկրորդ ազգային զեկույցին, ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարել մինչև ս.թ. հոկտեմբերի 22-ը ապահովել զեկույցի թարգմանությունը: Երկրորդ զեկույցի նպատակն է ներկայացնել երկրի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև ցույց տալ նախորդ դիտարկումից՝ 2010 թվականից մինչև օրս մարդու իրավունքների ոլորտում ՀՀ ձեռքբերումներն ու մարտահրավերները: Կառավարությունը փոփոխություն է կատարել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինակության վերահսկողության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին իր նախկին որոշման մեջ, «Կառուցվածքային ստորաբաժանումներ բաժինը շարադրելով նոր խմբագրությամբ: Կառավարությունը հավանություն է տվել ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգի ազգային դիտողական ցանցի զարգացման ծրագրին, որի նպատակն է գնահատել ստորերկրյա ջրերի որակական և քանակական փոփոխությունները, ապահովել դրանց պահպանումը և ռացիոնալ կառավարումը՝ շահագործման ընթացքում: Հանրապետության տարածքի ազգային ցանցում ծրագրով նախատեսվում են 128 դիտակետեր: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության ոլորտներում պետական վերահսկողության շրջանակներում իրականացվող նմուշառման կարգը, ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 19-ի «Սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը հաստատելու մասին» թիվ 598-Ն որոշումը: Որոշման ընդունմամբ ակնկալվում է սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության գործընթացները դարձնել առավել ամբողջական և հասցեական, հստակեցնել սահմանային վերահսկողության առանձնահատկությունները, դրանք համապատասխանեցնելով ՀՀ նոր օրենքների պահանջներին: Կառավարությունը հավանություն է տվել «Մտադրությունների մասին» հուշագրի նախագծին: ՀՀ կառավարությունը, «Քրոնիմետ Մայնինգ» բաժնետիրական ընկերությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, VSEI ձեռնարկությունների խումբը և «Ալյոտիգ» ՍՊԸ-ն հանդես են գալիս մի ծրագրի շրջանակում, որի նպատակն օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած լցակույտերի (պոչամբարներ) ապարների վերամշակումն է: Նախնական հաշվարկներով ներդրումները կարող են կազմել շուրջ 200 միլիոն ԱՄՆ դոլար, կստեղծվի շուրջ 1800 աշխատատեղ: Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագրի ռետրոակտիվ ֆինանսավորման նպատակով կառավարությունը որոշել է հատկացնել նախագծային և մրցութային փաստաթղթերի առաջանցիկ պատրաստման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, որոնք հետագայում կվերադարձվեն ՀՀ պետական բյուջե դոնոր կազմակերպության վարկային միջոցներից: Ներդրումային ծրագրի շրջանակում «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ հարկի գումարի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու մասին որոշմամբ նախատեսված ծրագրի իրականացման ընթացքը ապահովելու նպատակով կառավարությունը լրացումներ է կատարել իր 2012թ. մարտի 22-ին ընդունած թիվ 329-Ա որոշման մեջ, ճշգրտելով ներմուծվող սարքավորումների ցանկը: Հաշվի առնելով պետության կարիքների համար կնքված պետական գնման պայմանագրերի կողմերի կամքից անկախ գործոնների առկայությունը, կառավարությունը որոշել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին լիազորություն տալ փոփոխություն կատարելու Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հաղորդակցուղիների տեղափոխման աշխատանքների և աշխատանքների տեխնիկական հսկողության իրականացման պետական գնման պայմանագրերում:

Նմանատիպ նյութեր