211652_close_icon
views-count10140 դիտում article-date 10:59 13-10-2014

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. «24»-ը բախվել է էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում Ներքին Գետաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 17-ամյա Արամ Գասպարյանը իր վարած Գազ 2410 մակնիշի 25 ՏԼ 045 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի ձախ եզրին կանգնեցված էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածից հետո ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, ինչի հետևանքով Ա. Գասպարյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր, համագյուղացի և հասակակից Ալեքս Հարությունյանը «գանգուղեղային տրավմա, տրավմատիկ շոկ» գլխի վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Ճանապարհային ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական խումբը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզի քննչական վարչության Մարտունու քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Ա. Հարությունյանը սովորում է նույն գյուղի 1-ին միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում:

Նմանատիպ նյութեր